Մատչելիության հղումներ

Թուրք գործարարը երկխոսության է հրավիրում ՀՅԴ ներկայացուցիչներին


Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի համանախագահ Քահան Սոյակը երկուշաբթի օրը Երեւանում հայտարարելով, թե անձամբ ինքը կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ու սահմանների բացմանը, իր անունից Թուրքիա երկխոսության հրավիրեց Հայաստանի կառավարության մեջ ներկայացված ՀՅԴ ներկայացուցիչներին:

Սոյակի խոսքերով, Թուրքիայում Դաշնակցության մասին բոլորովին այլ պատկերացումներ ունեն, մինչդեռ դաշնակցականները «չափազանց լուրջ եւ խելամիտ են»:

Եթե հրավերն ընդունվի, Դաշնակցությունը ցանկություն հայտնի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, Սոյակը անձամբ կզբաղվի դրա կազմակերպմամբ: Նա նաեւ վստահություն հայտնեց, թե նման երկխոսության միջոցով կարելի է «լուրջ արդյունքների հասնել», եւ դա հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների զարգացման օրինակ կարող է դառնալ:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե իր ղեկավարած կազմակերպությունը որեւէ աշխատանք տանո՞ւմ է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, Քահան Սոյակը ներկաների համար անսպասելիորեն օգտագործվեց «ցեղասպանություն» բառը:

«Մեր կազմակերպությունը ցեղասպանության թեմաներով աշխատանքներ առայժմ չի ծավալել», - ասաց նա:

Սոյակի վկայությամբ, այսօր հայ եւ թուրք գործարարների միջեւ միջնորդավորված առեւտրաշրջանառությունը մոտավորապես 120 մլն դոլարի շրջանակներում է, իսկ սահմանները բացվելու պարագայում դրա ծավալը երեք անգամ կավելանա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Սոյակը հայ-թուրքական սահմանների բացումը, երբ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները որպես դրա նախապայման առաջադրում են ղարաբաղյան խնդրի կարգավորումը, Քահան Սոյակը նախ ասաց, որ ադրբեջանական կողմը լրջագույն լոբբիստական աշխատանք է տանում Թուրքիայում: Անձամբ ինքը դեմ է, որ Ադրբեջանը միջամտում է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ինչի համար Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը մշտապես քննադատում է թե’ իրեն եւ թե’ իր ղեկավարած կառույցը:

Քահան Սոյակի ներկայացմամբ, Թուրքիայում չափազանց շատ են այն կազմակերպությունները, որոնք կողմ են սահմանների բացմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, թեեւ նրանք այսօր խուսափում են բարձրաձայնել դա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG