Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Մենք դժգոհ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից»


«Մենք չենք ցանկանում, որ տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխություն: Սակայն ուղիղ կերպով ասում ենք, որ դժգոհ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեույթունից, քանի որ չկան արդյունքներ», - ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը կարգավորման ձեւաչափի փոփոխման կողմնակից չէ, սակայն գտնում է, որ միջազգային կազմակերպությունների մասնակցությունն ու ակտիվույթունը կարող է խթանել խաղաղ գործընթացի ակտիվությունը:

«Այդ պատճառով մենք հարցը բարձացրել ենք ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի շրջանակներում, ինչին Հայաստանը միշտ դեմ է եղել», - ասել է Ալիեւը:

Իլհամ Ալիեւի կարծիքով, Մինսկի խումբը չպետք է առաջնորդվի «դուք համաձայնության եկեք՝ մենք հաստատենք» սկզբունքով: «Եթե մենք կարողանայինք համաձայնության գալ՝ արդեն համաձայնության կգայինք», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, թե Միսկի խումբը ստեղծվել է հենց այն պատճառով, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

«Մենք համարում ենք, որ Մինսկի խմբի գործունեությունը, առաջին հերթին, պետք է ուղղված լինի ցանկացած պետության տարածքային անձեռնմխելիության՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների պաշտպանությանը», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի՝ 10 տարուց ավելի բանակցություններ վարելու փաստը (որոնք «հայկական կողմի պատճառով եղել են ապարդյուն»), ըստ Ալիեւի, վկայում է հակամարտության խաղաղ կարգավորմանը Ադրբեջանի հավատարմության մասին:

«Սակայն մենք չենք բանակցելու՝ հանուն բանակցությունների: Եթե տեսնենք, որ բանակցություններն անիմաստ են, եւ ստեղծվի նոր իրավիճակ, երկխոսությունը կընդհատվի, եւ մենք կդիտարկենք նոր իրավիճակ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG