Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի օմբուդսմենին հրավիրել է Հայաստան


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային հրավիրել է մասնակցել հանդուրժողականությանը նվիրված միջազգային գիտաժողովին, որը գալիք մայիսին կայանալու է Երեւանում:

«Զերկալո» թերթի հարցազրույցում Էլմիրա Սուլեյմանովան հայտնել է, թե օրերս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանից ստացել է երեք կետից բաղկացած նամակ: Նամակում, բացի գիտաժողովին մասնակցելու հրավերից, Լարիսա Ալավերդյանը կոչ է անում Սուլեյմանովային աջակցել նախկինում Ադրբեջանում բնակվող հայերին՝ փոխհատուցում ստանալու գործում, ինչպես նաեւ տեղեկացնում է, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղում եւս կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Ադրբեջանի օմբուդսմենը իր զարմանքն է հայտնել նամակի կապակցությամբ:

«Իմ կարծիքով, Հայաստանի օմբուդսենը պետք է հիշի, որ Ադրբեջանը լքած եւ փախստական դարձած հայերը բարեհաջող վաճառել կամ փոխանակել են իրենց բնակարանները», - նշել է նա: - «Եթե Ղարաբաղի հայերը խնդիրներ ունեն՝ կարող են դիմել ինձ, քանի որ ապրելով Ադրբեջանի տարածքում, լիովին իրավունք ունեն դիմել Ադրբեջանի օմբուդսմենին»:

Ինչ վերաբերում է հրավերին, Էլմիրա Սուլեյմանովան այն համարել է քաղաքավարության սահմաններից դուրս:

«Ինչ հանդուրժողականություն կարելի է սովորել մի երկրում, որտեղ իրականացվում է մոնոէթնիկ քաղաքականություն», - նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG