Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի կենտրոնում Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը ուրբաթ առավոտյան տեղահանված է գտնվել: Մոտ հինգ ամիս առաջ հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:

Հայաստանի հրեական համայնքի ղեկավարները կատարվածի մասին անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին եւ հավաստիացումներ ստացել, որ միջադեպը քննության կառնվի ամենայն մանրամասնությամբ:

Տեղահանված հուշաքարը օրվա երկրորդ կեսին դեռեւս ընկած էր ձյան վրա: Տեղանքը զննող Կենտրոնի թաղապետարանի ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին:

Մերձակա սրճարանի աշխատակիցները, ովքեր խնամում են հուշաքարին հարող այգու հատվածը, «Ազատություն» ռադիոկայանից իմացան կատարվածի մասին՝ տեղեկացնելով, որ վերջին անգամ հուշաքարը տեղահանվել էր երեկ:

«Նախորդ նման միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան», - ասաց սրճարանի տնօրեն Ղուկաս Հարությունյանը: - «Մենք տեսանք, որ հուշաքարը տեղահանված էր եւ կրկին տեղադրեցինք այն, իսկ այսօր ձեզանից ենք լսում, որ այն կրկին տեղահանվել է»:

Հարությունյանը ավելացրեց, որ այսօրվա դեպքը վանդալիզմի «վեցերորդ կամ յոթերորդ» դեպքն է 2003 թվականի վերջին հուշաքարի բացումից ի վեր: Նրա խոսքերով, հաաստանաբնակ հրեաները տեղյակ էլ չեն բոլոր միջադեպերի մասին:

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ օրվա առաջին կեսին ոստիկանության ներկայացուցիչները զննել են հուշաքարը ու տեղանքը եւ հանգել նախնական եզրակացության, թե հուշաքարը ընկել է առանց կողմնակի միջամտության: Վարժապետյանի փոխանցմամբ, ոստիկաններն ասել են, թե ձյան վրա չեն հայտնաբերվել դեպի հուշաքարը տանող հետքեր:

«Ըստ նախնական եզրակացության, հուշաքարը ընկել է հիմքի հենաձողերի դեֆեկտի հետեւանքով», - ասաց Վարժապետյանը:

Սրճարանի տնօրեն Հարությունյանը, սակայն, կտրականապես հերքեց նման հավանականությունը՝ պնդելով, որ հենաձողերը բավական ամուր էին: «Անհնար է, որ հուշաքարը վայր ընկներ առանց կողմնակի միջամտության», - ասաց նա՝ ավելացնելով, որ ոստիկանությունն անգամ չի հարցաքննել այգու այդ հատվածը խնամող իր աշխատակիցներին:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG