Մատչելիության հղումներ

Հայաստանի Ժողովրդագրական իրավիճակի հետազոտությունը սպառնալի միտումներ է վերհանել


«Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված «Ետխորհրդային Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական մարտահրավերները» ուսումնասիրության հեղինակների եզրահանգմամբ, արտագաղթը եւ բնակչության բնական աճի դանդաղումը 90-ական թվականներից ի վեր կազմում են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի կտրուկ վատթարացման գլխավոր պատճառները։ Այս միտումների շարունակման դեպքում արդեն մոտ ապագայում իրական սպառնալիքներ կարող են ստեղծվել ազգային անվտանգության համար։

Ուսումնասիրության հեղինակներ Ռուբեն Եգանյանը եւ Կարինե Կույումջյանը ուրբաթ օրը ներկայացնելով իրենց աշխատանքի արդյունքները, նշեցին, որ եթե չլինեին 80-ականների վերջերի եւ 90-ականների անբարենպաստ գործոնները, ապա Հայաստանի բնակչությունը արդեն 2000 թվականին պետք է կազմեր առնվազն 4 միլիոն 200 հազար։

2001 թվականի հոկտեմբերի մարդահամարի տվյալներով, մինչդեռ, Հայաստանի բնակչության թիվը կազմել է ընդամենը 3 միլիոն մարդ։

«Հայաստանից այս ընթացքում արտագաղթել է... մոտավորապես 1,2 միլիոն մարդ», - հայտարարեց Եգանյանը:

Ըստ հետազոտության, խորհրդային ժամանակաշրջանի վերջի համեմատ Հայաստանում ծնունդների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ, իսկ մահերի թիվը աճել է մոտ 29 տոկոսով, ինչի արդյունքում բնական աճի մակարդակը իջել է շուրջ 6 անգամ։

Եգանյանի խոսքերով, հատկապես տագնապահարույց է ծնունդների կառուցվածքում երրորդ եւ ավելի բարձր կարգի ծնունդների տեսակարար կշռի կտրուկ նվազումը, ինչը նշանակում է, որ ստեղծված անբարենպաստ իրողությունների պարտադրանքով հայ հասարակությունը 2-3 երեխայով ընտանիքի մոդելից անցնում է նույնիսկ պարզ վերարտադրության համար անբավարար 1-2 երեխայով ընտանիքի մոդելին։ Իսկ դա հղի է լուրջ ժողովրդագրական հետեւանքներով:

«Դա անդառնալի կդարձնի բոլոր անցումները», - ասաց Եգանյանը: - «Դեռեւս դա խորքային բնույթ չի կրում, դա իրավիճակային բնույթ է կրում: Բայց տեւական ժամանակ այս հակասությունը շարունակվել չի կարող... Այդ դեպքում մենք կունենանք խրոնիկ հիվանդ ժողովրդագրական օրգանիզմ»:

Բնաչության բնական աճը, փորձագետների կարծիքով, խաթարվել է նաեւ արտագաղթի հետեւանքով, որի տխուր վիճակագրությունը, այդ տեսանկյունից հետեւյալն է. - «Եթե մի քիչ կոպտացնեմ՝ ամեն չորրորդ կինը հնարավորություն չունի գտնելու իր ամուսնական պարտնյորին»:

«Սա արդեն ժողովրդագրական, ծնելիության առումով մեծապես հետեւանքներով հղի է», - շարունակեց Ռուբեն Եգանյանը: - «Սա հետեւանքներով հղի է նաեւ սոցիալական առումով, բարոյահոգեբանական առումով»:

Մանրամասնելով արտագաղթի ընդհանուր միտումները՝ փորձագետը ասաց. - «Դժբախտաբար, դատելով առկա փաստերից, չի կարելի ասել, որ դրանք սպառված են: Իմ կարծիքով, դրանք շարունակվում են եւ ավելին՝ խորացման, ծավալների մեծացման միտում են դրսեւորում»:

Այսօր ներկայացված հետազոտության մեջ սոցիոլոգիական հարցման այսպիսի տվյալներ կան. եթե 1999 թվականին արտագաղթելու մտադրություն չեն ունեցել հարցվածների 87 տոկոսը, ապա 2001 թվականին արդեն նման մտադրություն չի ունեցել նրանց 78,5 տոկոսը միայն։

Արտագաղթած ընտանիքների շրջանում արված հարցումների համաձայն, եթե 1999 թվականին Հայաստան անվերապահորեն ետ վերադառնալու ցանկություն են հայտնել արտագաղթած ընտանիքների 40 տոկոսը, ապա 2001-ին նրանց թիվը իջել է 25 տոկոսի։ Մի խոսքով, ըստ հետազոտության, անվերադարձ արտագաղթը աճի միտում ունի:

«Եթե առաջ գնում էին հիմնականում անհատներ, այսօր մենք տեսնում ենք, որ հիմնականում գնում են ընտանիքների բեկորներ կամ ողջ ընտանիքներ: Այստեղ արդեն կարող եմ անվերադարձ արտագաղթ տերմինը օգտագործել», - ասաց Եգանյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG