Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քաղաքագետ Սուրեն Զոլյանը «Հայոց աշխարհ» թերթում այսօր արձանագրում է. - «Մեզանում Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումը կախված է նրանից, թե այս կամ այն գործիչն ինչպե՞ս է վերաբերում նախագահին։ Եթե վստահում է նախագահին, ապա այդ գործչի կարծիքով ամեն ինչ լավ է, ու Ղարաբաղի հարցի վերաբերյալ նա միայն դրական միտումներ է տեսնում։ Եթե չի վստահում նախագահին, ապա Ղարաբաղի հարցում քաղաքականությունը անվանում է պարտվողական ու կործանարար։ Եվ դա արվում է նույնպես առանց որեւէ լուրջ հիմքի... Փաստորեն ստացվում է, որ նման դրսեւորումներն ավելի շուտ վերաբերմունք են իշխանությունների նկատմամբ, քան թե բուն Ղարաբաղի հարցի լուրջ ուսումնասիրությունից բխող տեսակետներ»։ «Իսկ Ղարաբաղի հարցով իրոք անհրաժեշտ է հասարակության մասնակցությունը, մեր խորհրդարանն էլ պետք է լիարժեք քաղաքական կյանքով ապրեր՝ այդ առումով որոշակի դեր ստանձնելու համար», - ընդգծում է Սուրեն Զոլյանը:

«Իրավունք» թերթի զուգահեռմամբ՝ 7 տարի առաջ էլ կտրուկ սրվել էր քրեածին իրավիճակը, 7 տարի առաջ էլ, ինչպես հիմա, սրված էր ղարաբաղյան խնդիրը, եւ այս ֆոնի վրա «ամենեւին էլ անհավանական չէ 1998-ի փետրվարյան սցենարի կրկնությունը»: Այնպես որ, ըստ «Իրավունք»-ի՝ «իշխանության փոխանցո՞ւմ, թե՞ իշխանափոխություն. սա է հարցը»: Հեղափոխականության մրցավազքը անփոխարինելի է դիտարկվում ու կանխատեսվում է Հայաստանի քաղաքական կյանքի հարուստ գարուն:

«Որքան ուզում ես՝ «հեղափոխություն» բառը բարձրաձայն հնչեցրու, միեւնույն է՝ դրանից հեղափոխություն տեղի չի ունենա», - հաճախացող դրսեւորումներին է անդրադառնում «Առավոտ» թերթը: - «Եվ ինչքան հաճախ ընդդիմությունը հայտարարի հերթական չկայացած հեղափոխության օրն ու ժամը, ժողովրդական լայն զանգվածներն ավելի պակաս են հեղափոխություն ցանկանալու: Չնայած նրան, որ փոփոխություններ ուզում են գրեթե բոլորը: Սակայն նախ պետք է հավատալ, որ մենք իրականում ունենք հեղափոխություն իրականացնելու ունակ եւ ո՛չ թե բարիկադների ետեւում թաքնվող քաղաքական ուժ», - շեշտվում է «Առավոտ»-ում:

«Երբ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ անզիջում պայքար է սկսելու ստվերային տնտեսության դեմ, շատերը չեն հավատում նրա անկեղծությանը: Եվ ճիշտ էլ անում են», - գրում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Չհավատալու պատճառներից մեկն էլ այն է, որ ներկայումս Հայաստանում հնարավոր չէ տեղեկատվություն ձեռքբերել այս կամ այն ձեռնարկության դրամաշրջանառության, վճարած հարկերի եւ շահույթի մասին: Հարկային պետական ծառայությունը հրաժարվում է այդպիսի տեղեկատվություն հաղորդել՝ պատճառաբանելով, որ նման լիազորություն չունի, իսկ իրենք՝ ձեռնարկությունները հրաժարվում են բացահայտել իրենց թվերը՝ ասելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է»: Մինչդեռ, ըստ թերթի, տեղեկությունների մատչելիությունը կդառնար «կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջին իրական քայլը»:

«Փորձագետները ենթադրում են, որ առաջիկա օրերին դոլարի փոխարժեքի վերելքը կշարունակվի... Համաշխարհային ֆինանսական շուկայի բոլոր այդ միտումները, սակայն, բացարձակապես չեն ազդում Հայաստանում տիրող իրավիճակի վրա», - չի հոգնում զարմանալ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը։ - «Ավելի ճիշտ, երբ դոլարի փոխարժեքն աշխարհում սկսում է ընկնել, մեզանում դա տեղի է ունենում կրկնակի արագ։ Բայց երբ դոլարի փոխարժեքն աշխարհում սկսում է բարձրանալ, մեզանում դա նախընտրում են «չնկատել»։ Մի՞թե այս ամենը մեկ անգամ եւս չի ապացուցում, որ հայրենի ֆինանսական սպեկուլյանտները արհեստականորեն ցածր են պահում դոլարի փոխարժեքը»։

«Ի՞նչ գին մենք պետք է տանք հարեւանների հետ բարիդրացիական կապեր ունենալու համար... Եթե պիտի տանք այն գինը, որի արժեքը մեր ազգային արժանապատվությունն է, եթե մենք պիտի վճարենք մի գին, որից հետո դառնալու ենք ընդամենը զուտ կենսական կերպով ապրող ամբողջություն, ապա ի՞նչ արժեք ունի այս հողի վրա մնալը», - ձեւակերպել է «Երկիր» թերթը: - «Բոլորս կարող ենք գնալ ավելի ապահով երկրներ ու այնտեղ ապրել ավելի բարեկեցիկ: Ի՞նչ իմաստ ունի հայոց պետության պահպանումը, եթե մենք չունենք որոշակի նպատակներ եւ սկզբունքներ»:

Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի, հայերի՝ արդբեջանցիների կամ թուրքերի հանդեպ վերաբերմունքը նույնիսկ ավելի մեղմ է, քան կարող էր լինել պատմական իրողություններից ելնելով. - «Մյուս կողմից, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցը կարդացող օտարազգի մեկը հակահրեականության մասին տողում Հայաստանի անունը կարդալով հաստատ այստեղ չի գա ու պարզի ինչն ինչոց է: Բայց փոխարենը, երբ ինչ-որ տեղ լսի Ղարաբաղյան հակամարտության մասին, անմիջապես կեզրակացնի, որ այդ հայերը փաստորեն յոլա գնացող չեն ու խեղճ ադրբեջանցիներին էլ դուրս են արել, այն էլ՝ իրենց իսկ երկրից... Այնպես որ», - շաղկապել է մեկնաբանը, - «Արմեն Ավետիսյանի խափանման միջոցը գուցեեւ համեմատական առումով խիստ է, բայց սա այն դեպքն է, երբ թերեւս արժեր խստության գնալ՝ չարիքը արմատում խեղդելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG