Մատչելիության հղումներ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մտադիր է Ադրբեջանին տրամադրել 150 միլիոն դոլար


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է 2005 թվականին Ադրբեջանին 150 միլիոն դոլար հատկացնելու իր պատրաստակամությունը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի տրանսպորտի փոխնախախար Մուսա Պանախովը ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է, թե այդ գումարից 100 միլիոնը կհատկացվի Բաքվից մինչեւ Ռուսաստանի հետ պետական սահմանը ավտոմայրուղու 60-կիլոմետրանոց հատվածի կառուցմանը, մնացած 50 միլիոնը՝ ադրբեջանական երկաթուղու լոկոմոտիվային հավաքակազմի վերազինմանը:

Նրա խոսքերով, ՎԶԵԲ-ը գրավոր կերպով հաստատել է 2005 թվականի կեսերին 100 միլիոն դոլարի վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կտա կառուցել ժամանակակից՝ քառաշարք երթեւեկությամբ ավտոմայրուղի:

Բացի այդ, մինչեւ ամառ պետք է լուծվի 50 միլիոն դոլարի վարկի առաջին տրանշի խնդիրը: Այդ գումարից 20 միլիոնը կծախսվի 60 էլեկտրաքարշերի եւ շոգեքարշերի վերանորոգման, եւս 30-ը՝ նոր լոկոմոտիվներ գնելու համար:

Համագործակցության 12 տարիների ընթացքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Ադրբեջանին տրամադրել է ավելի քան 400 միլիոն դոլարի վարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG