Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության տարածքային կազմակերպության ստեղծմամբ փաստորեն պառակտվեց Վազգեն Սարգսյանի ստեղծած Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ):

«Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում հիմնադրվեց «Ոգու փորձություն» կամավորականների միավորման հասարակական կազմակերպության տարածքային բաժանմունքը», - հայտարարեց նախկինում ԵԿՄ, իսկ այսուհետ «Ոգու փորձության» տարածքային կազմակերպության ղեկավար Սուրեն Բարսեղյանը: - «Մոտակա ժամանակաշրջանում Երեւան քաղաքի մյուս համայնքներում եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ձեւավորելու ենք մարզային եւ տարածքային բաժանմունքներ»:

Իսկ թե ինչու էր հարկավոր Երկրապահի այլընտրանքը ստեղծել՝ այն կնքելով Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն» հետմահու լույս ընծայված գրքի անունով, բացատրեց Պարոն Հովսեփ անունով հայտնի ազատամարտիկը:

«Շատ ու շատ օգտագործել են մեզ՝ մի քիչ քամի է փչում՝ այս կողմում պիտի կանգնեք, մի քիչ այլ կողմ է փչում, այնտեղ պիտի կանգնենք», - ասաց նա: - «Մեկ անգամ կանգնենք մեզ համար, մեր ընկերների համար: Ստեղծենք այն կազմակերպությունը, որ մեր շահերին կծառայի»:

Նորաստեղծ կազմակերպության՝ քաղաքականությանը միջամտելու հարցին իր ելույթում անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Ես ցանկանում եմ, որ այս հիմանդրվող կազմակերպությունը զերծ լինի քաղաքական շահարկումներից եւ քաղաքական շահերից»:

«Բոլորս [քաղաքական իրավունքներից զատ] առաջին հերթին ունենք քաղաքացիական իրավունքներ, որոնք ամրագրված են մեր Սահմանադրության մեջ, եւ մենք պարտավոր ենք ամեն ինչ անել ոչ միայն մեր, մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար, այլ նաեւ հասարակության, մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար», - այդուհանդերձ ավելացրեց նա: - «Առաջին հերթին՝ նրանց՝ արդար ընտրությամբ իշխանություն ձեւավորելու իրավունքը պաշտպանելու համար»:

Անցած տարեվերջին ԵԿՄ հերթական համագումարում ընտրված նոր վարչության կազմում բացակայում են ընդդիմադիր կեցվածքով մի շարք գործիչներ. ԵԿՄ-ի խոշորագույն՝ Երեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Հակոբ Հակոբյանը, վարչության նախկին անդամներ Սասուն Միքայելյանը, Մուրադ Կիրակոսյանը, Ալբերտ Բազեյանը, Մուշեղ Սաղաթելյանը: Նրանցից շատերը իրենք էին հրաժարվել առաջադրվել վարչության կազմում: Իսկ այսօր նրանք բոլորը մասնակցում էին նորաստեղծ կազմակերպության հիմնադիր ժողովին:

Համագումարում, հիշեցնենք, ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով իր ելույթում մի քանի ընդգծեց միասնական լինելու անհրաժեշտությունը:

Ազգային միասնականությանը այսօր անդրադարձավ նաեւ Ալբերտ Բազեյանը: «Շատ է խոսվում միասնականության անհրաժեշտության մասին: Եթե միասնակություն պետք է ապահովել իշխանությունների շուրջը՝ դա հնարավոր չէ: Վերաբերմունքը տարբեր է իշխանությունների հանդեպ, եւ դա եղել է ե’ւ տարիներ առաջ, ե’ւ այսօր», - ասաց նա՝ ավելացնելով, որ միասնականությունը «հնարավոր է գաղափարների շուրջ»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG