Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով մեր պատգամավորների աշխատանքին՝ «Առավոտ» թերթը հեգնում է. - «Երկու շաբաթը մեկ երեք օրով ԱԺ նիստերին մասնակցությունը գերմարդկային ճիգեր պահանջող աշխատանք էր: Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն էր առաջանում սեղմել կոճակները, ապա պարզ է` ժողովրդի ընտրյալները պարզապես հյուծվում էին, եւ դա երեւում էր նրանց տեսքից»: Բայց հիմա էլ ակնհայտ է, որ նիստերը երեք շաբաթը մեկ դարձնելու որոշումն էլ «տաք գլուխներով էին ընդունել՝ հայրենասիրական ջերմ մղումով գերագնահատելով իրենց մտավոր եւ ֆիզիկական հնարավորությունները». - «Ուժերը չեն բավարարում անգամ մեկ ժամ նստել, ուր մնաց՝ չորս օր: Այն էլ՝ երեք շաբաթը մեկ»: «Առավոտ»-ը առաջարկում է. - «Որպեսզի վերջնականապես եւ անդառնալիորեն չկորցնենք հայ խորհրդարանականների առողջության մնացուկները եւ ժողովրդին չզրկենք պատգամավորական կորպուսից, շտապ վերանայել կանոնակարգն ու նիստեր հրավիրել ամիսը մեկ անգամ: Ընդ որում՝ ընդամենը մեկ օր: Այդ մեկ օրը լրիվ բավական է օրակարգում ինչ-որ կերպ հայտնված օրինագծերը արագ-արագ ընդունելու համար: Դրանց քննարկման վրա առանձնապես ժամանակ չի ծախսվի, քանի որ նախագահականից իջած հրահանգները քննարկման ենթակա չեն»:

«Խորհրդարանում իսկապես բոլորն ինչ-որ փոփոխությունների են սպասում», -փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Թե կոնկրետ ինչի՞, այս պահին շատերը դժվարանում են ձեւակերպել: Չի բացառվում նաեւ, որ փոփոխությունների այս տրամադրությունն ընդամենը կապված է երկրում ակնկալվող եւ սպասվող լուրջ փոփոխությունների հետ, քանզի նույնիսկ ամենաիշխանամետ պատգամավորները, հատկապես վերջին կրիմինալ այս բեսպրեդելշինաներից հետո, խոստովանում են, որ այսպես շարունակել այլեւս չի կարելի»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 7-ամյակի առիթով «Գոլոս Արմենիի» թերթում այսօր ի մի է բերված. - «ՀՀՇ-ի քաղաքականությունը ժողովուրդը մերժեց, եւ այն կրողները իշխանությունից հեռացան, իսկ անգաղափար գողերն ու կողոպտիչները, ում համար միեւնույնն էր՝ ինչ դրոշի ներքո թալանել երկիրը, մնացին: Եվ նոր իշխանությունն էլ պատասխանատու է, որ ոչ միայն թողեց նրանց, այլեւ իր այդպիսի դրածոներին էլ ավելացրեց»:

Ըստ «168 ժամ» թերթի, արտաքին քաղաքական ճնշումներին զուգընթաց՝ վերջին շրջանում օրեցօր Հայաստանում սրվող քրեածին իրավիճակը բավականին անհանգստացրել է Ռոբերտ Քոչարյանին. - «Օրերս նախագահի սեղանին մի վերլուծական գրություն է դրվել, որտեղ նշվում է, որ արտաքին ոչ բարենպաստ մարտահրավերների պայմաններում վերնախավի որոշ ուժեր, կտրուկ սրելով քրեածին իրավիճակը երկրում, փորձում են հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե երկրի ղեկավարությունը կաթվածահար վիճակում է եւ այլեւս ընդունակ չէ իրադրությունը վերահսկելու»: Վկայակոչելով նախագահականին մոտ կանգնած աղբյուրներ՝ «168 ժամ»-ը նաեւ նշում է. - «Ի տարբերություն նմանատիպ այլ նախազգուշացումների, այս անգամ Քոչարյանը բավականին լրջորեն է վերաբերում իշխանափոխության իրականացման հնարավորություններին»:

«168 ժամ»-ում այսօր երանգավորված է. - «Մինչ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները արձակուրդ են անցկացնում, բուժվում են եւ տուրիզմով են զբաղված, մինչ երկրում փոխհրաձգություններ ու վրաերթեր են լինում, «Նիգ- Ապարան»-ը Արագածի շուրջը մայիսին իր նախաձեռնած շուրջպարի կազմակերպմամբ է միայն զբաղված... Կարելի է ենթադրել, որ «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որեւէ այլ անելիք չունի»:

«Ներքաղաքական իրավիճակը կարծես կրկին սրվում է: Անհրաժեշտ են կրակմարիչներ», - պատկերավորել է «Հայոց աշխարհ» թերթը: «Կեղծ ընդդիմությունն էլ կեղծ դեղամիջոցի պես մի բան է», - արձանագրվում է այստեղ: - «Կեղծ ընդդիմության գոյությունն անհնարին է դարձնում իսկականի ի հայտ գալը։ Դաշտը զբաղված է, ամբողջովին պատված մոլախոտով»։ «Կարելի՞ է արդյոք այսօր Հայաստանում արտահերթ իշխանափոխություն իրականացնել՝ չվտանգելով սեփական ազատությունը կամ գոնե բարօրությունը։ Ո՛չ։ Կա՞ արդյոք ընդդիմություն, որը պատրաստ է վտանգել եթե ոչ սեփական ազատությունը, ապա գոնե բարօրությունը։ Ո՛չ։ Ուրեմն, չկա՛ ընդդիմություն», - ձեւակերպված է «Հայոց աշխարհում»։ - «Իսկ Կեղծ ընդդիմությունը անհանգստություն չի պատճառում իշխանությանը, քանզի նա, մեծ հաշվով, իշխանությանը ոչնչով չի սպառնում։ Նրա հետ հեշտ է «աշխատել»։ Բացի այդ՝ կեղծերը, որպես կանոն, գող են ու վարկաբեկված։ Չենք խոսում արդեն այն մասին, որ չափազանց շատ են դրանց առաջնորդների մեջ մարդիկ, որոնք ջերմեռանդ կառուցում էին հենց այս իշխանությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG