Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախին. «Երկխոսության բացակայությունը Հայաստանի ցավոտ կետն է»


ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի գնահատմամբ, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շուրջ ստեղծված իրավիճակը «բավական բարդ է»: Դեսպանը նաեւ խիստ բացասական է գնահատում իշխանական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ երկխոսության բացակայությունը:

«Դա արդի Հայաստանի ցավոտ կետն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վլադիմիր Պրյախինը՝ ավելացնելով, թե ամեն դեպքում «ավելի հեռատես մարդիկ ինչ-որ ձեւով, ինչ-որ չափով համագործակցում են»: - «Իսկ պարզապես երկխոսությունից հրաժարվելը, օրինաստեղծ աշխատանքը բոյկոտելը, մեր կարծիքով, արդյունավետ չէ»:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը, ապա դեսպանը փոխանցեց, որ գրասենյակի մշակած առաջարկները ներկայացվել են Ազգային ժողով:

«Մենք մեր եզրակացությունը ներկայացրել ենք Հայաստանի Հանրապետության խորհրդարան, եւ մենք ձգտելու ենք, որ մեր առաջարկած փոփոխությունները, որոնք նախապատրաստվել են ԵԱՀԿ սկզբունքներին եւ գաղափարներին համապատասխան, ընդունվեն», - ասաց նա:

Վլադիմիր Պրյախինը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, որտեղ նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ, նշվում էր գրասենյակի հիմնադրման 5-րդ տարեդարձը: Տեղի ունեցավ նաեւ «ԵԱՀԿ պատմությունը, գործունեությունը, հեռանկարները» գրքի շնորհանդեսը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG