Մատչելիության հղումներ

Հայաստանը ստացել է Մեծ Բրիտանիայի պաշտոնական առաջարկը՝ մարել երկրի արտաքին պարտքի 10 տոկոսը


Մեծ Բրիտանիան այսօր պաշտոնապես տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը, թե պատրաստ է հանձնառել Հայաստանի արտաքին պարտքի 10 տոկոսի մարումը։ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը բացատրում է միջազգային ֆինանսական կառույցներում եւ դոնոր երկրներում Հայաստանի բարձր վարկով:

Մեծ Բրիտանիայի այս նախաձեռնությունը առաջին անգամ հնչեցվել էր անցած կիրակի՝ Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ՝ առաջարկելով 10 տոկոսով թեթեւացնել աշխարհի ամենաաղքատ 19 երկրների արտաքին պարտքը։ Այդ ցուցակում աֆրիկյան, լատինամերիկյան եւ ասիական ամենաաղքատ երկրների շարքում տեղ է գտել նաեւ Հայաստանը (միակը ԱՊՀ երկրներից)։

Այս հանգամանքը, սակայն, ամենեւին չի մտահոգում Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին։ Նա, ընդհակառակը, համոզված է, որ զարգացած երկրները Հայաստանին օգնում են՝ բարձր գնահատելով նրա տնտեսական ցուցանիշները:

«Միջազգային ֆինանսական կառույցներում, դոնոր երկրներում Հայաստանը ունի շատ բարձր վարկ», - փաստարկեց նախարարը:

Իսկ այն, որ արտաքին պարտքի ծանրության առումով ավելի անբարեհույս վիճակում գտնվող ԱՊՀ մյուս երկրները, ասենք, Տաջիկստանը կամ Վրաստանը, չեն մտել պարտքի դուրսգրման հնարավորություն ունեցող երկրների ցանկի մեջ, արդյոք չի՞ խոսում այն մասին, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը նաեւ ինչ-որ տեղ քաղաքական ենթատեքստ ունի՝ պարտքի մարման դիմաց ակնկալելով լուրջ զիջումներ, օրինակ, Ղարաբաղի հարցում։ Առավել եւս, որ նման առաջարկը հնչեցնում է Անդրկովկասում նավթային լուրջ շահեր ունեցող Մեծ Բրիտանիան։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը բրիտանական առաջարկի մեջ որոշ քաղաքական ենթատեքստ տեսնում է, սակայն բոլորովին այլ հարթության մեջ:

«Կա այստեղ քաղաքական կոնտեքստը նույնպես, եւ ես չեմ զարմանա, որ ե’ւ Ուկրաինան, ե’ւ Վրաստանը նույնպես հետագայում հայտնվեն այս ցուցակներում», - ասաց Վարդան Խաչատրյանը՝ ավելացնելով. - «Իսկ Հայաստանի ստանում է իր հասանելիքը իսկապես քրտնաջան աշխատանքով՝ կատարելով պահանջների ամեն մի կետ»:

Նախարարը ասաց նաեւ, որ Հայաստանը արտաքին պարտքի մարման հետ կապված որեւէ խնդիր չունի: Ավելին, նախորդ տարվա համեմատ 2004 թվականին երկրի արտաքին պարտքի բեռը է’լ ավելի է իջել՝ 42,3 տոկոսից նվազելով 32,7 տոկոսի։

«Բայց, մյուս կողմից, մենք դեռ իսկապես աղքատ երկիր ենք եւ շատ խնդիրներ ունենք», -այդուհանդերձ ավելացրեց նա:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG