Մատչելիության հղումներ

Հունգարիայի դատարանը մեղսունակ է ճանաչել Ռամիլ Սաֆարովին


Երեքշաբթի օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերսկսվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարությունը, որը մեղադրվում 2004 թվականի փետրվարի 19-ին 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ:

Հայ Առաքելական եկեղեցու Հունգարիայի եւ Չեխիայի թեմի առաջնորդ Բարսեղ աբեղա Փիլավչյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ դատական նիստում ներկայացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ Սաֆարովի հոգեբանական եւ բժշկական վիճակի մասին:

«Քննությունը ցույց տվեց, որ սպանությունը կատարվել է նորմալ, սթափ վիճակում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փիլավչյանը:

Ըստ Փիլավչյանի, ադրբեջանական կողմը փորձում էր քաղաքական երանգ հաղորդել դատավարությանը, սակայն դատավոր Անդրաշ Վաշկուտին կտրականապես բացառել է այդ հանգամանքը՝ նշելով, թե դա մարդասպանություն է եւ պետք է քննվի որպես մարդասպանություն, այլ ոչ թե՝ քաղաքական դեպք:

Դատական նիստը տեւել է 3-4 ժամ: Ադրբեջանական կողմը նաեւ փորձել է բողոքարկել դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը եւ պնդել, որ փորձաքննությունը անցկացնի նաեւ ադրբեջանցի դատական բժիշկը, սակայն դատավորը մերժել է այդ միջնորդությունը:

Բարսեղ աբեղա Փիլավչյանի խոսքերով, վերջնական որոշում չի կայացվել, քանի որ բացակա էին 2 հիմնական վկաները՝ ադրբեջանցի մյուս զինծառայողը եւ Լատվիայի ներկայացուցիչը, որը Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում էր գտնվել:

Նա նաեւ հայտնել է, թե դատական գործով նշանակվել է եւս երկու նիստ՝ մայիսի 10-ին եւ սեպտեմբերի 27-ին, այդ ժամանակ էլ կհրապարակվի դատարանի վերջնական որոշումը:

Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը եւ Ռամիլ Սաֆարովը մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպված անգլերենի դասընթացներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG