Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Հույս ունենք, որ եթե ոչ ճեղքում, ապա առաջընթաց կլինի»


ԵԱՀԿ փատահավաք առաքելության հետ միասին Լեռնային Ղարաբաղից վերադարձած Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ այս տարի Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում «եթե ոչ ճեղքման, ապա առաջընթացի հույս ունեն»:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը փոխանցեց, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վերաբերել են ԵԱՀԿ փաստահավաք խմբի նոր ավարտված առաքելությանը:

Գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերի գլխավորած խումբը, կողմերի միջեւ ձեռք բերված պայմավորվածությունների համաձայն, եղավ Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 տարածքներում:

«Եզրակացությունների մասին խոսելը դեռեւս վաղ է», - ասաց Մերզլյակովը: - «Առաքելության անդամները դեռեւս աշխատում են: Մենք արտգործնախարարին սոսկ տեղեկացրել ենք, որ առաքելությունը տեխնիկապես շատ լավ է անցել»:

Նա շեշտեց, որ իրենք «ամենայն աջակցություն են ստացել» Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Պրահայում կայանալիք առաջիկա հանդիպմանը: Մերզլյակովի փոխանցմամբ, Վարդան Օսկանյանի հետ համաձայնեցվում էին «քննարկվելիք հարցերը, դրանց քննարկման տարբերակները»:

Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, ապա այսօր նրանք դեռ Երեւանում են. աշխատում են մայրաքաղաքի կենտրոնում ԵԱՀԿ-ի վարձակալած առանձնատներից մեկում: Ոչ մի հանդիպում, այդ թվում լրագրողների հետ, նախատեսված չէ:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ այս տարի ճեղքում լինի Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում, ռուսաստանցի համանախագահը ասաց. - «Դա շատ բարդ հարց է... Մենք հույս ունենք, որ եթե ոչ ճեղքում, ապա առաջընթաց կլինի»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով նույն հարցին, ասաց, թե ամեն բան կախված է հակամարտող կողմերից: Այդուհանդերձ, նա նույնպես հույս հայտնեց, որ կարող են կատարվել «առաջին քայլերը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG