Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի վարչակազմը բյուջեի օրինագծում առաջին անգամ նշել է Ղարաբաղը


Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել է 2006 թվականի ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 55 միլիոն դոլար: Այս տարվա համար նախագահն առաջարկել էր Հայաստանին տրամադրել 62 միլիոն, բայց ի վերջո Կոնգրեսը որոշել էր հատկացնել 75 միլիոն:

Այս անգամ Բուշն այլեւս չի առաջարկել Ադրբեջանին շատ ավելի մեծ ռազմական օգնություն հատկացնել, ինչպես նախորդ տարի էր, երբ Ադրբեջանի համար 4 անգամ ավելի մեծ գումար էր նախատեսված: Հաջորդ տարվա համար Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկվում է տալ հավասար՝ յուրաքանչյուրին 5 միլիոն դոլար՝ գումարած 750 հազարական՝ ռազմական կրթության եւ վարժանքի համար:

Առաջին անգամ 2006 թվականի բյուջեի օրինագծում Ջորջ Բուշի վարչակազմը նշել է Լեռնային Ղարաբաղը: Նախկինում Ղարաբաղը երբեմն նշվել է բյուջեի վերջնական տարբերակում, բայց դա արել էր Կոնգրեսը, այլ ոչ թե նախագահը:

«Վարչակազմը խորհրդարանից գումար է խնդրում Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք մարդասիրական օգնությունն ապահովելու համար», - գրված է բյուջեի օրինագծում: Ղարաբաղի մասին տողը ո'չ Հայաստանի, ո'չ էլ Ադրբեջանի մասում է, այլ՝ Եվրասիական-տարածաշրջանային: Այդ հոդվածը նախատեսում է 48,5 միլիոն դոլարի օգնություն: Առայժմ անհայտ է, թե դրանից որքանը կհատկացվի Ղարաբաղին:

Հայաստանը ամերիկյան բյուջեի օրինագծում նկարագրված է որպես «Եվրասիայում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների գծով առաջատարներից մեկը»:

Միեւնույն ժամանակ, Բուշի վարչակազմը փաստում է իրականությունը. - «Հակառակ տնտեսական բարեփոխումների շնորհիվ ապահովված նվաճումների, աղքատությունը Հայաստանում մնում է տարածված: Առանցքայինը հիմա բարեփոխական միջոցառումների իրականացումն է, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարը»:

Ադրբեջանին Բուշի վարչակազմը առաջարկում է հատկացնել 35 միլիոն դոլար: «Ադրբեջանը ռազմավարական առումով էական նշանակություն ունեցող երկիր է, չափավորական մահմեդական պետություն, որը առանցքային աջակցություն է ցույց տալիս ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմում եւ իրաքյան գործողություններում», - ասված է բյուջեի օրինագծում:

Վրաստանին առաջարկվում է հատկացնել 67 միլիոն դոլար:

Բյուջեի օրինագիծը դեռ քննարկվելու է Կոնգրեսի ենթահանձնաժողովներում եւ հանձնաժողովներում: Հաշվի առնելով, որ հայկական հարցերին սատարող կոնգրեսականների թիվն այժմ ռեկորդային է՝ 145 մարդ, վերլուծաբանները կանխատեսում են, որ Հայաստանին հատկացվելիք վերջնական գումարը ավելի մեծ կլինի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG