Մատչելիության հղումներ

Սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրենը


Հայաստանի դատախազությունից հավաստի աղբյուրները երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին լրատվամիջոցներում արդեն հայտնված լուրը, որ ռուսաստանյան Տոլյատի քաղաքում անցած շաբաթավերջին սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը:

Սպանության մասին մանրամասներ հայտնի չեն: Անցած տարվա մայիսին Շահմուրադյանի նկատմամբ իրականցված մահափորձից հետո, «Արմենիա- Լադա»-յի տնօրենը կասկածներ էր հնչեցրել, թե դրա ետեւում կարող էր կանգնած լինել նույնպես ռուսաստանյան արտադրության ավտոմեքենաների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Արարատ-Լադա» ընկերության բաժնետեր, Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Պաշտոնական աղբյուրները գրեթե տեղեկություններ չեն հրապարակում նաեւ փետրվարի 4-ին Երեւանի Արցախի եւ Արին Բերդի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ: Դեպքից անմիջապես հետո հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Մհեր Տեր-Հարությունյանը, Արմեն Խաչատրյանը եւ Տիգրան Նազարյանը: Տեր-Հարությունյանը մահացել էր դեռ հիվանդանոցի ճանապարհին, մյուս երկուսի վիճակը, մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Ռոստոմյանի փոխանցմամբ, ենթակված վիրահատություններից հետո, ներկայումս կայուն է՝ միջին ծանրության:

Ոստիկանության լրատվական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Մհեր Տեր-Հարությունյանի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել է 8 տարբեր տեսակի հրազեն, փամփուշտներ: Լրատվական վարչությանից Զարզանդ Գաբրիելյանի փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած «օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ» փետրվարի 6-ին ոստիկանության բաժին են ներկայացել հանցագործության մասնակիցներ՝ 1983 թվականին ծնված Կարեն Ղալթախչյանը եւ1982թ ծնված Սամսոն Վարդանյանը:

Վարդանյանը ոստիկանության աշխատակիցներին է հանձնել «Մակարով» մակնիշի մեկ ատրճանակ եւ «Ա-Կա-Էմ» մակնիշի ինքնաձիգ: Նա հայտարարել է, թե փոխհրաձգության ժամանակ ինքը կրակահերթ է արձակել ներկայացրած ինքնաձիգից: Զենք զինամթերքը առգրավվել եւ հանձնվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Հանրապետության գլխավոր դատախազության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Երեւանի դատախազությունում փաստի առնչությամբ քրեական գործը հարուցվել է «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով»:

Մայրաքաղաքի դատախազության քննչական խմբի տրամադրած տեղեկություններով, գործով ձերբակալվել է փոխհրաձգության երեք մասնակից, որոնց անունները, ինչպես փոխանցեց Գուրգեն Ամբարյանը, քննության շահերից ելնելով չեն հրապարակվում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG