Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Ադրբեջանից բռնագաղթվածների հետ


Անցած կիրակի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները, ովքեր այստեղ էին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության հետ միասին, հանդիպում ունեցան Ադրբեջանից բռնագաղթվածների հետ:

Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) Ստեփանակերտի մշակույթի պալատում հանդիպեցին ավելի քան 500 փախստականների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Փախստականները իրենց հուզախառն ելույթներում նշում էին, որ անտեսված են բոլորի կողմից եւ օգնություն էին հայցում՝ շեշտելով, որ Ադրբեջանում հալածվել են միայն ազգային պատկանելության համար:

Նրանց՝ համանախագահների առջեւ բարձրացրած հարցերից հիմնականը հետեւյալն է. ինչո՞ւ իրենց միջազգայինորեն չի տրվում փախստականի կարգավիճակ, ինչո՞ւ է խտրականություն դրվում այս եւ մյուս կողմի փախստականների միջեւ:

«Ղարաբաղյան փախստակնների վրա աչք փակելը պատվաբեր չէ հումանիստական արժեքներ դավանող Եվրոպայի համար», - ասաց փախստականներից մեկը:

Համանախագահներին մատուցվեցին որոշ տվյալներ. հայ փախստականները Ադրբեջանում թողել են ավելի քան 90 հազար տուն՝ ունեցվածքով հանդերձ: Եվ եթե ադրբեջանցի փախստականների տրամադրվել է բավական շռաւյլ միջազգային օգնություն, ապա իրենք ոչինչ չեն ստացել:

Համանախագահները ի պատասխան կրկնեցին սոսկ, որ իրենց դերը կողմերին հակամարտության լուծում գտնելու գործում օգնելն է:

Բեռնար Ֆասյեն հավաստիացրեց, որ ԵԱՀկ փաստահավաք առաքելության զեկույցում հանձնարարական կլինի ղարաբաղյան փախստականների վերաբերյալ, եւ իրենք «պետք է մտածեն, թե ինչպես հասնել նրանց պահանջների բավարարմանը»:

«Բայց դա շատ դժվար հարց է», - հավելեց Ֆասյեն:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG