Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Քուվեյթի խորհրդարանները կհամագործակցեն


Այցով Քուվեյթում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ Խարաֆին երեկ ստորագրել են միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կողմերը համաձայնել են «զարգացնել փոխադարձ համագործակցության բոլոր ձեւերը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ հարաբերությունների խորացմանը հավասարության եւ փոխադարձ շահավետության սկզբունքի հիման վրա՝ սոցիալական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում»:

Կողմերը կփոխանակեն խորհրդարանական պատվիրակություններ, աշխատանք կտանեն երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ կապերի ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք գործողությունների եւ դիրքորոշումների համակարգման նպատակով կողմերը միմյանց հետ կհամագործակցեն Միջխորհրդարանական Միության եւ այլ խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:

Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի վարչապետ, թագաժառանգ, շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահի հետ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ երկու երկրներն էլ պաշտպանում են տարածաշրջանի խաղաղության գաղափարը եւ միմյանց հետ չունեն ու չեն ունեցել որեւէ քաղաքական, տնտեսական կամ այլ բնույթի տարաձայնություն, իսկ դա լավ հիմք է հարաբերությունների հետագա զարգացման ու թե’ երկկողմանի համագործակցության, թե’ միջազգային կառույցներում համագործակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG