Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե կոալիցիայի երեկվա հայտարարությունը, որով ընդիմադիր պատգամավորներին կոչ է արվում սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցել առանց նախապայմանների, ամենեւին էլ չի նշանակում, թե ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների առաջարկը մերժվել է:

Ընդդիմադիրները այդ առաջարկով ձեւակերպել էին այն հիմնական սկզբունքները, որոնց՝ խորհրդարանական մեծամասնության կողմից կոնսենսուսով ընդունվելու դեպքում, իրենք պատրաստ կլինեին մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկմանը Ազգային ժողովում:

«Ես կարծում եմ, ընդհակառակը՝ դա համատեղ աշխատանքի հերթական կոչն է», - ասաց Արթուր Բաղդասարյանը:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, դեռ երեկ հայտարարել էին, որ մերժված են համարում իրենց առաջարկը:

Գալիք երկուշաբթի «Արդարություն» խմբակցության պատգամավորները, այդուհանդերձ, որոշել են վերադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ փորձելու սկսվող եռօրյայի օրակարգում ընդգրկել Հայխնայբնակում ավանդների վերադարձի հետ կապված՝ Վիկտոր Դալլաքյանի նախագիծը:

Հարցին, թե «Օրինաց երկիր» խմբակցությունը ինչպե՞ս կքվեարկի հարցն օրակարգ ընդգրկելով, Բաղդասարյանը արձագանքեց, թե ընդդիմադիրների նման ցանկությունը «սոսկ այս պահին քաղաքական ինչ-որ սրացում մտցնելու պատրվակ է»:

«Մենք դեմ չենք քվեարկելու ավանդների վերադարձին, մենք դեմ ենք քվեարկելու այդ պատրվակին», - եզրափակեց նա՝ հավաստիացնելով, որ իրենք շարունակելու են «որոնումներն ու պայքարը» ավանդների վերադարձի ուղղությամբ:

Բաղդասարյանը այդ առիթով վկայակոչեց նախագահ Քոչարյանի՝ երեկվա հրամանագրով ավանդների վերադարձն ուսումնասիրող աշխատանքային խմբի ստեղծումը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG