Մատչելիության հղումներ

logo-print
Ըստ փետրվարի 3-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության, Դաշնային երդվյալների հանձնախումբը «կաշառակերության եւ վիզաների կեղծման» մեղադրանք է ներկայացրել Միացյան Նահանգների հյուպատոսական ծառայության 45-ամյա պաշտոնյա Պյոտր Զդիսլո Պարլեյին՝ նախկինում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակցին:

Պարլեյը մեղադրվում է 2004 թվականի ապրիլից մինչեւ 2005-ի հունվարը Երեւանում տարբեր հանցակիցների հետ միասին «կաշառակերության ու վիզաների կեղծման» մեջ: Հաղորդագրությունը մատնանշվում է առանձին դեպքեր, երբ Պարլեյը 10 հազար դոլարի հասնող կանխիկ կաշառքներ է վերցրել Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու համար:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը շնորհակալություն է հայտնում դիվանագիտական անվտանգության ծառայության հատուկ գործակալներին, դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաեւ Հայաստանի իրավապահ մարմիններին, հատկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը՝ գործի հետաքննության ընթացքում համագործակցելու համար:

«Ես ոչինչ չունեմ ավելացնելու տարածված հաղորդագրությանը», - այդ կապակցությամբ այսօր ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը՝ այդուհանդերձ, ավելացնելով. - «Մեր աշխատակիցներից մեկը խոստովանել է, որ վիզաների կեղծման բազմաթիվ դեպքեր են եղել: Երեկ մայրաքաղաք Վաշինգտոնում նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնախումբը նրան 13 կողմ ձայնով մեղադրանք է ներկայացրել: Նշեմ, որ նա ամերիկյան դիվանագետ չէր, այլ հյուպատոսական աշխատակից, բայց դա որեւէ կերպ չի մեղմացնում նրա հանցանքի լրջությունը»:

«Ես նրան հետ ուղարկեցի ու հիմա այդ մարդը Միացյալ նահանգներում է, ուր սպասում է դատավարությանը», - ասաց Էվանսը:

Պարլեյը ձերբակալվել է փետրվարի 3-ին: Ներկայացված մեղադրանքների համար դատապարտվելու դեպքում նրան սպառնում է 5-15 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարը չգերազանցող տուգանք՝ յուրաքանչյուր գործի համար:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ ԱՄՆ պետքարտուղարությունը հավաստիացնում են, որ այսուհետ կանեն ամեն ինչ՝ ապահովելու վիզաների տրամադրման գործընթացի անաչառությունը:

«Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ պետք է անենք՝ պաշտպանելու համար հյուպատոսական բաժնում արվող հարցազրույցները կոռուպցիայի կամ կեղծիքի բոլոր դրսեւորումներից», - եզրափակեց դեսպան Էվանսը:

Ջոն Էվանսը լրագրողներին հանդիպել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության նոր ինտերնետային կայքի շնորհանդեսին: Ներկայացնելով www.usa.am կայքը, դեսպան Էվանսը նշեց, որ աշխարհը գտնվում է «թվային հեղափոխության շեմին, եւ ինտերնետը այդ հեղափոխության ամենաժողովրդավարական գործոնն է»:

Դեսպանության ինտերնետային նորացված էջը առանձնանում է նրանով, որ ունի տվյալների որոնման հայերեն շտեմարան: Հայերեն լեզվով են նաեւ աջակցման ծրագրերի մասին հատվածները: Ինտերնետային կայքից կարելի է տեղեկատվություն ստանալ նաեւ Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու ընթացակարգի ու դեսպանատան թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունների վերաբերյալ:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG