Մատչելիության հղումներ

logo-print

Նանա Կակաբաձե. «Զուրաբ Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածը արժանահավատ չէ»


Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառների ուսումնասիրմամբ զբաղվելու է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):

Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրության է ենթարկելու Ժվանիայի արյան բաղադրությունը:
Առայժմ պարզ չէ, թե որտեղ կկատարվի ուսումնասիրությունը՝ Միացյալ Նահանգներում, թե ՀԴԲ Թուրքիայի տարածաշրջանային գրասենյակում:

Վրաստանում լուրջ կասկածներ կան Զուրաբ Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածի շուրջ: Մասնավորապես՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Շալաբմերիձեն կարծիքով՝ «վարչապետը ոչ թե թունավորվել է գազից, նրան սպանել են»:

«Դա այն ուժերի գործն է, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում: Փորձ է արվում ահաբեկել պետությունը եւ ժողովրդին, որպեսզի մենք չկարողանանք կառուցել ազատ Վրաստան», - հայտնել է պատգամավորը:

Հարցին՝ ովքեր են ցանկանում ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, Շալամբերիձեն պատասխանել է. - «Ռուսաստանի իշխանությունները»:

Նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նանա Կակաբաձեն «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մի շարք կասկածներ է հայտնել Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածի շուրջ:

Ըստ նրա, մինչ այժմ ոչինչ չի խոսվում վարչապետի թիկնապահների մասին, ովքեր, ըստ պաշտոնական վարկածի, մտել են բնակարան՝ կոտրելով դուռը եւ պատուհանները: Այդ մարդկանց ոչ ոք չի տեսել, նրանցից հարցազրույց վերցրել հնարավոր չէ:

«Ես անձամբ եղել եմ դեպքի վայրում, սակայն ո'չ բնակարանի պատուհանները, ո'չ էլ դուռը կոտրված չէին», - նշում է Կակաբաձեն:

Հաշվի առնելով այս կասկածները՝ իրավապաշտպան կազմակերպությունը մի շարք իրավաբանների, փորձագետների եւ լրագրողների հետ միասին ստեղծելու է հասարարակական կազմակերպություն, որը զբաղվելու է սպանության ուսումնասիրությամբ:

«Ես հաստատ չգիտեմ՝ ով կարող էր նրան սպանել, նույնիսկ՝ սպանել են թե՝ ոչ, սակայն պաշտոնական վարկածը արժանահավատ չէ», - ասել է Նանա Կակաբաձեն: Նա համարյա համոզված է, որ Ժվանիան մահացել է է ոչ թե շմոլ գազով թունավորումով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG