Մատչելիության հղումներ

Կոալիցիոն երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը, հինգշաբթի օրը ստորագրեցին հայտարարություն, որով խորհրդարանական ընդդիմությանը կոչ են անում մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին, որի ընթացքում կձեւավորվեն սահմանադրական փոփոխությունների բոլոր բաժինների վերաբերյալ դիրքորոշումները՝ այդ թվում եւ այն բաժինների, որոնց շուրջ սկզբունքային առաջարկներ էր ներկայացրել ընդդիմությունը:

Հայտարարությունը ստորագրվեց Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում հրավիրված խորհրդակցությունից հետո, որին ընդդիմադիրներից մասնակցում էին միայն «Ազգային միաբանության» ներկայացուցիչները:

Ընդդիմության համար սա պարզապես մերժման պատասխան է. «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ, պատգամավոր Շավարշ Քոչարյանի կարծիքով, կոալիցիայի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ «երբեւիցե կոալիցիան հակված չի եղել ժողովրդավարական արժեքներով երկիր կառուցելուն»:

«Կոալիցիան գտնվեց անհեռանկար, ենթարկվեց Ռոբերտ Քոչարյանի ճնշմանը եւ ամեն ինչ արեց, որպեսզի սպասվելիք սահմանադրական հանրաքվեն դառնա իշխանությունների անվստահության հանրաքվե», - ավելացրեց նա:

«Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը կոալիցիայի պատասխանի առիթով ասաց. - «Մեկ անգամ եւս համոզվում ենք, որ մեր բոլոր խոսակցությունները պետք է լինեն հանրապետության առաջին դեմքի հետ. նա' է որոշում»:

«Առանց այս հայտարարությունների էլ կարող էին գալ եւ մասնակցել, առաջարկություններ անել՝ համոզված լինելով, որ այդ առաջարկությունները չեն ընդունվելու», - շարունակեց Կարապետյանը: - «Այդ պայմաններում մեր մասնակցությունը միայն իմիտացիայի, ջուր ծեծելու տպավորություն կգործեր»:

Գարնանը կոալիցիան ինքն էր առաջարկում առանց նախապայմանների երկխոսության նստել նաեւ հենց սահմանադրական բարեփոխումների շուրջ, հիմա դա մերժում է, արդյո՞ք չի նշանակում, որ հիմա արդեն ընդդիմությունը թույլ է, եւ նրանից ոչ ոք չի վախենում: Շավարշ Քոչարյանի կարծիքով, խնդիրն այլ է: Նա «կեղծ» որակեց կոալիցիայի գարնանային առաջարկությունը:

«Պարզապես եվրոպական կառույցներին պետք էր ցույց տալ, որ իշխանությունները երկխոսության կոչ են անում, ընդդիմությունը չի ընդունում», - բացատրեց նա:

«Օրինաց երկիր»-ի ղեկավար անդամ Մհեր Շահգելդյանի կարծիքով էլ, կոալիցիայի ուժեղ կամ թույլ լինելու խնդիր չկա:

«Բացարձակապես նման խնդիրներ չկան», - ասաց նա: - «Ընդհակառակը, կոալիցիայի մեջ մտնող քաղաքական ուժերը իսկապես գտնում են, որ օրինաստեղծ գործընթացում ընդդիմության մասնակցությունը կարեւոր է»:

«Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը այսօր ավելի վաղ անցկացրած նիստում որոշել էր չմասնակցել Ազգային Ժողովի նախագահի հրավիրած քաղաքական խորհրդակցությանը, քանի որ մինչ այդ գրավոր չէր ստացել կոալիցիայի պատասխանը:

Հունվարի 20-ին «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններ իրենց ներկայացրած առաջարկություններով ձեւակերպել էին այն հիմնական սկզբունքները, որոնց՝ խորհրդարանական մեծամասնության կողմից կոնսենսուսով ընդունվելու դեպքում, ընդդիմադիրները պատրաստ կլինեին մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկմանը Ազգային ժողովում:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին մոտ այդ առաջարկություններն էին. կառավարությունը ձեւավորում է երկրի հանրապետության նախագահը, հաստատում խորհրդարանը. իսկ չհաստատվելու դեպքում՝ խորհրդարանն է ձեւավորում եւ հաստատում կառավարության կազմը, երկրի նախագահը չպետք է դերակատարություն ունենա Արդարադատության խորհրդի ձեւավորման գործում եւ Երեւանի քաղաքապետը պետք է ընտրովի լինի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG