Մատչելիության հղումներ

Ինչպես օրերս լույս տեսած «Անցյալի լռությունը խախտելով» գրքում գրում է ամերիկացի հայտնի գիտնական, ներկայումս արդեն չգործող Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահող Դեւիդ Ֆիլիպսը, 2003 թվականի ամռանը Թուրքիային մի փոքրիկ քայլ էր մնացել, որպեսզի բացեր Հայաստանի հետ սահմանը: Դա, սակայն, տեղի չունեցավ, քանի որ «գրեթե վերացավ» ԱՄՆ-ի ճնշումը Անկարայի վրա:

170 էջանոց այդ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել շաբաթասկզբին ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդում: Ուշագրավ այդ գրքում Ֆիլիպսը ոչ միայն հաստատում է, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ետեւում կանգնած է եղել Միացյալ Նահանգները, որ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն ներգրավված են եղել հանձնաժողովի ստեղծման աշխատանքներում, այլեւ՝ սուր քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին՝ մեղադրելով ուխտադրժության մեջ:

«Ես մի քանի անգամ հանդիպել եմ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, եւ նա ամեն անգամ ողջունել է [Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով ստեղծելու] նախաձեռնությունը, բացի այդ՝ նախագահ Քոչարյանը նույնպես իր աջակցությունն է փոխանցել հանձնաժողովին: Սակայն հրապարակորեն աջակցություն ցույց տալու փոխարեն, ՀՀ իշխանությունները սկսեցին նյարդայնանալ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հետ ասոցացվելու փաստից», - գրել է Ֆիլիպսը:

Ամերիկացի գիտնականը գրում է, որ թուրքերը հրաժարվում էին նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները անգամ այն բանից հետո, երբ նախագահ Բուշը խափանեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւի ընդունումը:

«Ես հուսով էի, որ Թուրքիան լռելյայն կբացի սահմանը «մեռյալ» ամռանը, երբ բոլորը արձակուրդում են եւ ուշադրություն չեն դարձնում», - գրել է նա:

Ֆիլիպսի (ով այն ժամանակ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության հակամարտությունների լուծման հարցերով խորհրդականն էր), լավատեսությունը հիմնված էր Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հանդիպումների վրա, որոնք սկիզբը դրվել էր Պետքարտուղար Քոլին Փաուելի Անկարա կատարած այցով 2003 թվականի ապրիլի 2-ին: «Ազատություն» ռադիոկայանին այդ օրերին Պետքարտուղարության զեկույցից հայտնի էր դարձել, որ Փաուելը ճնշում էր գործադրում Ռեջեփ Թայիբ Էրդողանի նորակազմ կառավարության վրա՝ առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը:

Ֆիլիպսը գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլի վրա նույնպիսի ճնշում է գործադրվել 2003 թվականի հուլիսի վերջին Վաշինգտոնում, ուր նա բանակցություններ էր վարում Փաուելի, փոխնախագահ Դիք Չեյնիի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի եւ նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսի հետ: «Ամեն հանդիպման ժամանակ Գյուլին հիշեցվում էր, որ ցեղասպանության ճանաչման հարցը (Միացյալ Նահագների կոնգրեսի կողմից) փակված չէ: Նրան ասվում էր, որ ճնշումից խուսափելու լավագույն ուղին իրական առաջընթաց արձանագրելն է», - փոխանցում է Դեւիդ Ֆիլիպսը:

«Առավել կարեւորը հետեւյալն է. վարչակազմի պաշտոնյաները շեշտում էին, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կծառայի Թուրքիայի ազգային շահերին: Նորմալ հաղորդակցությունն ու առեւտուրը կխթանի Թուրքիայի տնտեսությունը եւ կուժեղացնի Թուրքիայի դիրքը տարածաշրջանում»:

Միացյալ Նահանգները վաղուց ի վեր ջանում էին հասնել պատմական երկու հակառակորդների միջեւ հարաբերությունների բարելավմանը՝ դրանք առանցքային համարելով Հարավային Կովկասում կայունությանն աջակցելու եւ սեփական շահերը տարածաշրջանում ապահովելու գործում: Պետքարտուղարության զեկույցում, որ Կոնգրեսին ներկայացրել էր Փաուելի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, պնդվում էր, թե բաց սահմանը կնշանակեր «դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս բեռնափոխադրումների ծախսերի նվազեցում, հայ-թուրքական առեւտրի աճ եւ Հայաստանում եւ Արեւելյան Թուրքիայում ընդհանուր տնտեսական միջավայրի բարելավում»:

1993 թվականից ի վեր՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Անկարայի կողմից Հայաստանի շրջափակումը հանելուն ձգտում են նաեւ թուրքական գործարար շրջանակները եւ Թուրքիայի՝ թույլ զարգացած արեւելյան շրջանների իշխանությունները: Մեջբերված են Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի թուրք անդամ Ուսթուն Էրգուդերի խոսքերը հայկական սահմանի մոտ գտնվող Կարս քաղաքը 2003 թվականին այցելելուց հետո: «Քաղաքը մեռնում է», - ասել էր նա Ֆիլիպսին:

Ֆիլիպսը քողազերձում է, որ թուրքերի համոզելու նպատակով Բուշի վարչակազմը նույնիսկ խափանել էր ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիային ԱՄՆ-ի միանալու 50-ամյակի կապակցության Կոնգրեսի բանաձեւի ընդունումը: Բանաձեւի նախագծում Օսմանյան Թուրքիայում գրեթե ողջ հայ բնակչության բնաջնջումը անվանվում էր ցեղասպանություն: «Չեյնին դիմեց հեռախոսազանգերի եւ հավաստիացում ստացավ Դենիս Հասթերթից [Ներկայացուցիչների պալատի խոսնակը], որ բանաձեը կհանվի քննարկումից», - գրում է նա:

Հասթերթը արդեն հարուցել էր Միացյալ Նահանգներում ազդեցիկ հայկական գաղութի դժգոհությունը, երբ 2000 թվականի հոկտեմբերին խափանել էր ցեղասպանությանը վերաբերող նման մի օրինագծի՝ գրեթե հավաստի հաստատումը՝ այն ժամանակվա նախագահ Բիլլ Քլինթոնի ճնշման արդյունքում: Գրքի հեղինակը պնդում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարկացած էր, երբ 2000 թվականի նոյեմբերին Երեւանում ընդունում էր Քլինթոնի վարչակազմում պետքարտուղարի օգնական Ստեֆան Սեստանովիչին:

«Քոչարյանը վատ տրամադրություն ուներ կոշտ արտահայտություններով խոսեց Քլինթոնի դավաճանության մասին: Նա այնքան նյարդայնացած էր, որ հանդիպման մասնակիցները մտածել էին, թե Քոչարյանին դեռ անհանգստացնում են բերանի խոռոչում արված վիրահատության հետեւանքները: Նախագահը նոր էր վերադարձել Փարիզից, որ այցելել էր իր ատամնաբույժին»:

Թուրքիայի`իրար հաջորդած կառավարությունները սահմանի բացումը պայմանավորում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: էրդողանի կառավարությունը, սակայն, այդ քաղաքականության մեղմման ազդանշան տվեց՝ երբ սկսեց շեշտադրել այլ նախապայմաններ, ինչպես ցեղասպանության միջազգային ճանաչման կամպանիայից հրաժարվելը եւ Երեւանի կողմից Թուրքիայի սահմանների անվերապահ ճանաչումը:

Ֆիլիպսը գրում է, որ Գյուլը այդ հարցը բարձրացրել էր Վաշինգտոնում, բայց Միացյալ Նահանգների պաշտոնյաները հավաստիացրել էին, որ «Հայաստանը երբեք չի պնդել, թե հավակնում է թուրքական տարածքների»: Քոչարյանը այդ մասին հստակ ասել էր 2001 թվականի փետրվարին թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի հետ հարցազրույցում: Այդ հարցազրույցը, ինչպես պարզվում է, կազմակերպել էր Ֆիլիպսը, եւ այն օգնել էր «մեղմել մտահոգությունը Հայաստանի մտադրությունների առնչությամբ»:

Սահմանի բացման կողմնակիցներ էին նաեւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի բոլոր 10 անդամները՝ ներառյալ ցեղասպանության հարցում անհողդողդ երկու թուրք պաշտոնաթող դիվանագետները: Ֆիլիպսը գրում է, որ 2003 թվականի հուլիսին, երբ իրենք հանդիպել էին թուրքական Բոդրում քաղաքում, «հարցը ոչ թե սահմանը բացելուն էր վերաբերում, այլ, թե երբ է այն բացվելու»:

Ուրեմն ինչո՞ւ սահմանը փակ մնաց: Ֆիլիպսը ենթադրում է, որ դա մի քանի պատճառներ ուներ, որոնցից առաջինն ու ամենակարեւորը Բուշի վարչակազմում տարածաշրջանային առաջնահերթություններում տեղի ունեցած փոփոխությունն էր: Նրա բացատրությամբ, քանի որ 2003 թվականի ամռանը Իրաքում անվտանգության իրավիճակը վատթարանում էր, Վաշինգտոնը աջակցության համար դիմեց Թուրքիային եւ այլեւս չէր կարող ճնշման տակ պահել Անկարային:

«Բուշի վարչակազմի՝ Իրաքի առնչությամբ մտահոգության պայմաններում Միացյալ Նահանգների ճնշումը Անկարայի վրա՝ բացել հայ-թուրքական սահմանը, գրեթե վերացավ», - գրում է Ֆիլիպսը: - «Երբ Գյուլն ու Օսկանյանը սեպտեմբերի 23-ին հանդիպեցին Նյու Յորքում, Գյուլը գիտեր, որ առավելություն ունի»:

Անկարան չէր համաձայնում անգամ մասնակիորեն բացել սահմանը՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար:

«Ես հիմքեր չունեմ հայտարարելու, թե այս պահին սահմանի բացումը անխուսափելի է», - ասել էր Օսկանյանը Երեւանում 2003 թվականի հոկտեմբերի 6-ին:

Պարզվում է, որ Ադրբեջանի հակադրվելը սահմանի բացմանը շարունակում է լուրջ գործոն մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության կառուցման մեջ՝ չնայած Երեւանին արվող Էնդողանի առաջարկություններին: Հարցը է'լ ավելի բարդացավ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւի հիվանդությամբ: Ֆիլիպսը գրում է, թե Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի վեց թուրք անդամներից մեկը՝ նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը 2003 թվականի օգոստոսին իրեն ասել էր, որ «Անկարան երբեք չի գործի, քանի դեռ Հեյդար Ալիեւը մահվան մահճում է»:

Ֆիլիպսը մեղադրում է նաեւ ներկայումս Հայաստանի կառավարությունում ներկայացված երեք կուսակցություններից մեկին՝ Դաշնակցությանը: «Անկարայի խորհրդածությունների վճռական պահին Դաշնակցությունը սկսեց սահմանը փակ պահելուն ուղղված մի անհեթեթ կամպանիա», - գրում է նա՝ մեջբերելով Դաշնակցության ղեկավարների 2003 թվականի հուլիսին արած հայտարարությունները: Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ ամդամներից ոմանք նույնպես կարծում են, որ այդ հայտարարությունները շահարկվել էր Թուրքիայի ղեկավարության կողմից:

Դաշնակցության առաջնորդները պնդում էին, թե սահմանային առեւտուրը խիստ վնասակար կլինի, քանի որ Հայաստանի արտադրողները չեն կարողանա մրցակցել էժան թուրքական ապրանքների հետ: Նրանք նաեւ ասում էին, թե երկկողմ հարաբերությունների լիակատար նորմալացումը անհնարին է առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման: Քոչարյանը եւ կոալիցիայի գծով Դաշնակցության երկու գործընկերները, այդուհանդերձ, կարծում են, որ սահմանի բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Հայ-թուրքական սահմանի փակ մնալը խորհրդանշում է երկու երկրների մերձեցմանն աջակցելուն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերի ձախողումը: Իր գրքում Ֆիլիպսը բողոքում է, որ 2001 թվականի հուլիսին ստեղծված Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, որին հովանավորում էր ԱՄՆ պետքարտուղարությունը, միշտ չէ, որ ստացել է Վաշինգտոնի բավարար աջակցությունը: Նրա պնդմամբ, հաշտեցման գործընթացը տուժեց, «երբ Միացյալ Նահանգների կառավարությունը անտեսեց մեր ջանքերը, որովհետեւ նրա առաջնահերթությունները այլ վայրում էին»:

«Անաչառ ինքնաքննադատությունը ստիպում է ինձ մտածել, որ մենք չափազանց շատ էին հավատում, թե Միացյալ Նահանգների պաշտոնյաները կաջակցեն մեր ջանքերին», - եզրափակում է նա:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG