Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը կոալիցիայի ղեկավարների հետ քննարկում է ընդդիմության առաջարկը


Չորեքշաբթի ուշ երեկոյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կառավարող քաղաքական կոալիցիայի ուժերի ղեկավար ներակայացուցիչները քննարկել են ընդդիմության ներկայացրած սահմանադրական բարեփոխումների առաջարկները:


Ընդդիմության («Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների) առաջարկների էությունը նախագահի լիազորությունների սահմանափակումն է: Դրանք, հիշեցնենք, համահունչ են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին:

Կոալիցիոն կուսակցություններից Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները հրաժարվեցին հանդիպումից առաջ մեկնաբանություններ անել:


Հանրապետական կուսակցության եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք ընդհանուր առմամբ ողջունում են ընդդիմության ցանկությունը՝ մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Թորոսյանը ասաց, թե ընդդիմության հայտարարությունում արված մի շարք առաջարկություններ ուշագրավ են եւ, բնականաբար, արժանի են լուրջ քննարկման: Նրա կարծիքով, սակայն, վերջնագիր ներկայացնելու «ձեւը եւ ոճը ճիշտ չեն նման հարցերի քննարկման ժամանակ»:

Ընդդիմությունը, մինչդեռ, սպասում է կոալիցիայի պատասխանին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը, ընդդիմությունը «մնում է իր խոսքի տերը»:

Ազգային ժողովի նախագահը, արձագանքելով «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների առաջարկին, վաղը՝ փետրվարի 3-ին քաղաքական քննարկումների է հրավիրել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ:

«Եթե մենք ստանանք գրավոր պատասխան այն մասին, որ կառավարող կոալիցիան ընդունել է մեր առաջարկությունները, այդ դեպքում իմաստ կունենա մասնակցել այդ քննարկմանը: Եթե ոչ՝ մենք չենք մասնակցի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կորյուն Առաքելյանը:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ հինգշաբթի օրը գումարվելու է «Արդարություն» դաշինքի նիստը, որից առաջ իրենք ակնկալում են, որ կստանան գրավոր պատասխան:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG