Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մինչ ազգիս քաղաքական մտքի տիտանները գերինտելեկտուալ վեճեր են ծավալել, թե որքանով է վնասակար կամ օգտակար Եվրախորհրդի ընդունած ղարաբաղյան բանաձեւը, ղարաբաղյան գործընթացի ընդերքում հասունանում է մի նոր՝ առավել վտանգավոր զեկույց», - զգուշացնում է «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» դիտարկման արդյունքներով պատրաստելու են ԵԱՀԿ հովանու ներքո տարածաշրջան ժամանած փորձագետները»: «Նրանք «գործնականում» տեսնելու են այն, ինչի մասին Աթկինսոնը խոսել էր «տեսականորեն»», - նախանշվում է «Առավոտ»-ում: - «Եվ առնվազն միամիտ պետք է լինել՝ հուսալու, թե այս նոր հաշվետվությունը մեզ համար շահեկանորեն տարբերվելու է Եվրախորհրդի (ԵԽ) ընդունած տխրահռչակ բանաձեւից: Ընդհակառակը՝ այս դիտարկման արդյունքներով մեկընդմիշտ վերջակետ է դրվելու Հայաստանում ծավալվող այն անմիտ վեճերին, թե «ուշադիր զննելու դեպքում ԵԽ բանաձեւում կարելի է եւ մեզ համար օգտակար դրույթներ տեսնել»: Իսկ ամենամտահոգիչը, մեկնաբանի ամփոփմամբ, այն է, որ «ԵԱՀԿ փորձագետների միանգամայն կանխատեսելի զեկույցից հետո մեր «բիսմարկներն» այլեւս չեն կարող ասել, թե ԵԽ-ն իրավասու կառույց չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իբր, զբաղվում է միայն դրանում «մասնագիտացած» ԵԱՀԿ-ն»:

«Մոլորություն է այն մոտեցումը, համաձայն որի՝ փաստահավաք առաքելությունը ընկալվում է որպես իրադարձություն: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում սկսվել է մի պրոցես, որը կարող է շարունակվել շատ երկար, եւ որի հիմնական նպատակը Հայաստանի իշխանությունների վրա ճնշման նոր լծակի ձեռքբերումն է», - վերլուծում է «Հայկական ժամանակ»-ը՝ ուրվածգելով. - «Հայաստանի «հաղթողական» քաղաքականության շարունակականության դեպքում՝ փաստահավաք խմբի անդամները իրենց բացահայտումներում ավելի կկոշտանան, ինչին կհետեւի առաքելության երկրորդ, երրորդ այցելությունը տարածաշրջան: Եվ այս դեպքում, թերեւս, միջազգային փաստաթղթերում կգրվեն այնպիսի բաներ, որոնք արդեն ուղղված կլինեն ոչ թե Հայաստանի իշխանությունների կառուցողականության մակարդակը բարձրացնելուն, այլ՝ բոլորովին այլ նպատակների»:

«Երեկ ամբողջ օրը ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը եւ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն անցկացրին Արաքս գետի ձախ ափին՝ նախկինում վարչականորեն Ադրբեջանին պատկանող Ջեբրայիլի եւ Ֆիզուլու շրջաններում: Տասնյակ կիլոմետրեր դեսուդեն գնալով՝ վերաբնակիչներ փնտրող եվրոպացիներն ու ամերիկացիները հանդիպեցին մեկ հովվի, մեկ ագարակատիրոջ եւ ճանապարհով անցնող հատուկենտ մարդկանց», - փոխանցում է «Ազգ»-ի թղթակիցը: - «Առաքելության անդամները չեն ցանկանում, որ իրենց եւ վերաբնակիչների հետ շփումների ժամանակ լրագրողներ մոտենան»: «Որեւէ մեկնաբանություն չի լինի, սա տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական առաքելություն է», - ասել է դրա ղեկավար Էմիլի Հաբերը: Մեկնաբանը նաեւ արձանագրում է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը նախօրեին Քարվաճառում մեզ հետ զրույցում ասաց, որ նման գործընթացները չեն օժանդակում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ հակառակը՝ ինչ-որ տեղ շեղում են հակամարտության բուն էությունից»:

«Տարակուսանք է առաջացնում ոչ թե ներկայումս «Ղարաբաղում եւ նրա շուրջ» պտտվող փաստահավաքների, այլ նրանց հանձնարարական տված ԵԱՀԿ-ի քաղաքական կեցվածքը, - շեշտադրում է «Հայոց աշխարը» թերթը: - «Մոնիտորինգի իրականացման համար ընտրվել են ԵԱՀԿ-ի սկզբունքներին հակասող հետեւյալ երկակի ստանդարտները. հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի վերաբնակեցման շուրջ Ադրբեջանի մեղադրանքները դիտվում են իբրեւ տվյալ տարածքների հանդեպ այդ երկրի սուվերեն իրավունքի ոտնահարում, եւ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ-ի տարածքների եւ ընդհանրապես հայկական գյուղերի հնարավոր վերաբնակեցումը չի հետաքրքրում ԵԱՀԿ-ին, որով փաստորեն ճանաչվում է այնտեղ ապրող հայերին դուրս քշելու Ադրբեջանի սուվերեն իրավունքը»: «ԵԱՀԿ-ն ոտնահարել է իր իսկ հիմնարար սկզբունքները... Հետեւաբար, նման փաստահավաք առաքելության զեկույցը չի կարող օբյեկտիվ լինել, առավել եւս քաղաքական որեւէ լուրջ եզրակացության համար հիմք դառնալ, եթե նախքան իր աշխատանքների ավարտը մոնիտորինգի խումբը չայցելի ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Շահումյան, ետաշեն եւ Մարտակերտի հյուսիս-արեւելյան հատվածի գյուղերը», - եզրափակում է «Հայոց աշխարհ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG