Մատչելիության հղումներ

Իրանը եւ Ռուսաստանը համաձայնագիր կստորագրեն միջուկային թափոնների վերաբերյալ


Հավելումն Ռուսաստանի կողմից Իրանին միջուկային վառելիքի մատակարարման մասին համաձայնագրի, Ռուսաստանը եւ Իրանը կստորագրեն միջուկային թափոնները Ռուսաստանին վերադարձնելու մասին համաձայնագիր:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, երեքշաբթի օրը Ռուսաստանում Իրանի դեսպան Գոլամ Ռեզա Շաֆեյին հայտնել է, թե համապատասխատան համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի ատոմային էներգետիկայի նախարար Ալեքսանդր Ռյումյանցեւի՝ փետրվարի վերջին Իրան կատարելիք այցի ընթացքում:

Վկայակոչելով Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոուհանիին, ամերիկան «USA Today» թերթն այսօր հաղորդել է, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն ընդմիշտ հրաժարվել ուրանի հարստացման նախագծերից:

Ռոուհանիի խոսքերով, Եվրամիության «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ճնշման տակ անցած տարվա նոյեմբերին Իրանի՝ այդ ուղղությամբ աշխատանքների սառեցման մասին հայտարարությունը «գործելու է մի քանի ամիս, ոչ թե՝ մեկ տարի»:

Իրանի ղեկավարության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

«Առայժմ, սակայն, Վաշինգտոնը չի քննարկում Իրանի միջուկային խնդրի լուծման «ճիշտ տարբերակը», ուստի երկկողմ կապերի բարելավման հեռանկարները այնքան էլ փայլուն չեն», - հայտարարել է Հասան Ռոուհանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG