Մատչելիության հղումներ

logo-print

Գործարարները բողոքում են հարկային գերատեսչության գործադրած մեթոդների դեմ


Հետեւելով նախագահ Քոչարյանի ցուցումներին՝ Հարկային պետական ծառայությունը տարեսկզբից իսկական գրոհ է ձեռնարկել գործարար դաշտի «ստվերի» վրա։ Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում հաջողվել է կիսով չափ ավելացնել սոցիալական վճարների գծով մուտքերը: Փոքր եւ միջին գործարարները, սակայն, դժգոհում են հարկային մարմինների գործադրած մեթոդներից:

«Մեզ հաջողվել է կարճ ժամանակահատվածում հավաքագրել ավելի շատ եկամուտներ սոցվճարների գծով, քան անցյալ տարվա նույն շրջանում: Այստեղ խոսքը 50 տոկոս եւ ավելի աճի մասին է», - Ազգային ժողովում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Արմեն Ալավերդյանը:

Այս ամենը կատարվել ու կատարվում է վարչական լծակները ձգելու հաշվին: «Առաջարկվել է գործարարներին, որ իրենք ոչ թե մեկ աշխատող ցույց տան, ասենք տասի փոխարեն, կամ ընդհանրապես աշխատողներ երբ ցույց չեն տալիս, մտածեն, որ իրենք պետք է իրենց աշխատողների թվաքանակը հայտնեն», - բառացիորեն ասաց Արմեն Ալավերդյանը՝ ավելացնելով, որ երկրորդ խնդիրը լինելու է «ճիշտ աշխատավարձի մեծությունը հայտնելը»:

Հարկային ծառայության գնահատումներով, միայն տասը օրվա ընթացքում հնարավոր է եղել 10 հազար թաքնված աշխատատեղ բացահայտել: Դա, սակայն, պարզապես «աչքաչափով» է արվել. մարդկանցից հաշվետվությունները չեն ընդունել՝ պահանջելով «խելքին մոտ» աշխատողների քանակ եւ աշխատավարձ ցույց տալ։

Հազարավոր գործարարներ տարիներ շարունակ թերի տվյալներ են ներկայացրել։ Ասենք, խոշոր ռեստորանային համալիրը, որը մի քանի տասնյակ մատուցողներ ունի, ցույց է տվել միայն մեկ մատուցող: Կամ ամռանը գործող բացօթյա սրճարանների տերերը հատարարագրել են, թե ընդհանրապես առանց մատուցողների են աշխատել։ Նույնը, Ալավերդյանի խոսքերով, վերաբերում է նաեւ պաշտոնապես ցույց տրված աշխատավարձերին:

Մեկ այլ խնդիր էլ է ծագել «թղթի վրա եղած բիզնեսների» կապակցությամբ»։ Հարկային ծառայության տվյալներով, Հայաստանում գրանցված 60 հազար անհատ ձեռներեցներից 40 հազարը գոյություն ունեն պարզապես թղթի վրա: Վարչարարության խստացմամբ, այս մարդիկ ստիպված են իրենց յուրաքանչյուր աշխատողի հաշվով ամսական 5 հազար դրամ սոցապվճար մուծել, ինչպես նաեւ՝ 30 հազար դրամ եկամտահարկ։ Ու սա դժգոհության մեծ ալիք է առաջացրել վերջիններիս շրջանում: Նույնիսկ ծայրահեղ որակումներ են տրվում հարկային գերատեսչության գործադրած մեթոդներին։

«Փոխանակ իրենց հարազատներին ու բարեկամներին բերեին հարկային դաշտ, գազանաբար հալածանքներ սկսեցին արդեն իսկ հարկային դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտների նկատամմբ», - ասաց այսօրվա քննարկմանը մասնակցող Ձեռներեցների հայկական միության նախագահ Մաքսիմ Ոսկանյանը:

Փոքր ու միջին գործարարները համարում են, որ հարկային վարչարարությունը շրջանցելու է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: «Ինձ մտահոգում է այն հարցը, որ հարկային դաշտում բոլորը հավասար չեն», - ասաց Փոքր բիզնեսի աջակցման խորհրդի անդամ Արայիկ Գեւորգյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG