Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Առավոտ» թերթի՝ իսկը ժամանակն է արագ կողմնորոշվելու մոտալուտ հեղափոխության գույնի կապակցությամբ, «քանի դեռ եղբայրական հանրապետությունները չեն յուրացրել ամենահաճելի գույները»: «Թե չէ, կարող է ստացվել, որ հեղափոխության ամենահարմար գույները՝ դեղինը, կապույտը, մանուշակագույնը, իրենց կվերցնեն ավելի ճարպիկ ժողովուրդները: Եվ մինչեւ մենք հասունանանք՝ կստացվի, որ դա պետք է իրականացնել կա՛մ կարմիր, կա՛մ դարչնագույն դրոշի ներքո: Սրանցից բացի՝ կարող է «ազատ» լինել նաեւ, Աստված մի արասցե, կանաչը», - նախազգուշացնում է «Առավոտ»-ը:

«Հաջորդ երկիրը, որ կարող է «ամերիկանացված» հեղափոխության զոհ դառնալ, անվանում են Հայաստանը», - գրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Բայց Հայաստանում չկա այնպիսի հստակ ամերիկամետ ուժ, որը միանշանակ կհաղթի»: Այս առումով «Գոլոս Արմենիի»-ում ընդծված է. - «Եթե վաղը Ամերիկան հենվի Տեր-Պետրոսյանի վրա, դա քչերին կզարմացնի: Նրանց համար կարեւոր չէ, թե ինչ կլինի հետո, կարեւորը կողմնորոշումներում բեկում մտցնելն է: Եվ այսօր էլ ջանքերն ուղղվում են ոչ այնքան նոր արեւմտամետ դաշինք ձեւավորելուն, ինչքան ռուսամետ «Արդարություն» դաշինքը փլուզելուն»:

«Հայկական ժամանակ» թերթի շեշտադրմամբ, «Հանրապետություն» կուսակցությունում տեղի ունեցող խմորումների արդյունքում շատ կարեւոր քաղաքական հարցերի պատասխան է տրվելու: «Ալբերտ Բազեյանն իր էությամբ եւ համոզմունքներով անգործության կողմնակից է, իսկ դրա լավագույն միջոցը «Արդարություն» դաշինքում մնալն է», - ձեւակերպում է մեկնաբանը: - «Վաղարշակ Հարությունյանը դեմ չէ Բազեյանի անգործության քաղաքականությանը, քանի որ դա բխում է Ռուսաստանի շահերից: Ի վերջո, բոլորին է ակնհայտ, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել Հայաստանում իշխանափոխություն թույլ չտալու համար: Կուսակցությունում առաջացած այս վիճակը կարող է հանգուցալուծվել մարտի 4-ին կայանալիք կուսակցության հերթական համագումարում: Փորձագետների կարծիքով՝ հույս կա, որ «Հանրապետության» կուսակցության շարքային անդամները, որոնք արդեն մի քանի տարի պայքարում են Հայաստանում արմատական փոփոխությունների համար, կպաշտպանեն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին»:

Մեկ այլ դաշտում ծավալվող խմորումների առնչությամբ «Առավոտ»-ը փոխանցում է. - «ԵԿՄ-ում համաձայն չեն, թե «Երկրապահը» իշխանությունների կողմից վերահսկվում է, քաղաքական խաղերի եւ խարդավանքների մասնակից է, կամ, որ «Ոգու փորձություն» նորաստեղծ կազմակերպությունը զերծ է լինելու դրանից... ԵԿՄ-ում միաժամանակ վստահ են, որ իշխանություններն ուզում էին ԵԿՄ-ն, որպես կենտրոնացված կառույց եւ Վազգեն Սարգսյանի ժառանգություն, փոշիացնել, որովհետեւ այդպես նա ավելի վտանգավոր էր իշխանությունների համար, քան՝ մասնատված»:

«Իրավունք» թերթի խտացմամբ՝ այս փետրվարը կուտակված պայթյունավտանգ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական նյութի քանակի առումով համեմատելի է 1998-ի հետ. - «Այժմ իրար են գումարվել ինչպես դիվանագիտական ակնհայտ ձախողումներն ու արտաքին ճնշումները, այնպես էլ աննպաստ սոցիալական միջավայրը»: «Պարզ է, որ իրաքյան ընտրությունները մարսելուց հետո Միացյալ Նահանգները ԱՊՀ տարածքում ավելի ակտիվ շարունակելու է «գունավոր հեղափոխությունների» գործընթացը, եւ հերթական թեկնածու երկրներ են համարվում Հայաստանն ու Ղրղըզստանը», - առանձնացնում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Ու քանի որ Հայաստանը սահմանակից է Իրանին, ապա մեր երկիրը թերեւս պետք է համարել առավել հավանական հերթական թեկնածու»: Այստեղ նաեւ նշվում է. - «Հեռու չէ այն ժամանակը, երբ ԱՄՆ-ի եւ Իրանի հակամարտությունը արտաքին քաղաքական առումով նոր դժվարություններ կստեղծի Հայաստանի համար... Ամերիկյան ճնշումներին դիմագրավելու առումով Հայաստանի իշխանությունները դժվար թե կարողանան մեծ հույսեր կապել Մոսկվայի հետ, քանզի, օրինակ, Պուտինի եւ Յուշչենկոյի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը, ըստ էության, հրապարակավ արդարանում էր, թե ինչու էր պաշտպանում Յանուկովիչին»: Իսկ արտաքին ճակատում, այդ թվում՝ Եվրախորհրդում ամրագրվող, վատը լավի տեղ ներկայացնելու՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը լավագույն դեպքում ներքին սպառման ապրանք է:

«Քաղաքական մտքի սնանկության եւ հասարակության հիմարացման ժամանակաշրջաններում շատանում են միամիտները, ովքեր հեքիաթներին հավատում են: Իրականում չկան «չարիքի կենտրոններ», որտեղ հայ ժողովրդի դեմ դավեր են նյութվում», - արձանագրում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Կան ընդամենը տարբեր ազգային եւ պետական շահեր, որոնք կարող են համընկնել, իսկ կարող են նաեւ չհամընկնել մեր պետության ազգային եւ պետական շահերի հետ»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի վերլուծությամբ՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ սկիզբ առնող քննարկումների նոր ալիքը մեր «ոխերիմ հարեւանին» դրդել է ձեռնարկելու որոշակի քաղաքական քայլեր. - «Թուրքիան փորձում է ողջ աշխարհին ցուցադրել իր «հանդուրժողականությունը» Հայաստանի ու հայերի հանդեպ, միաժամանակ հնարավորինս կոշտացնում է սեփական դիրքորոշումները Հայաստանի հետ ունեցած երկկողմ խնդիրների հանդեպ»: Այս քայլերով, ըստ մեկնաբանի, Թուրքիան ձգտում է Հայաստանի բոլոր «ատամները» հաշվելուց հետո նրան առաջարկել հստակ գործարք, որի էությունը եվրոպական բեմահարթակում իր անդամակցության հակառակորդների ձեռքից «հայկական խաղաքարտը» խլելու մեջ է. - «Գործարքի մեջ կարող է ներառվել ցեղասպանության «մեղմ» ճանաչումը՝ «ողբերգություն» կամ այլ բնորոշման միջոցով եւ սահմանների բացումը Թուրքիայի կողմից՝ փոխարենը մինչեւ Եվրամիության հետ իր բանակցությունների վճռորոշ հանգրվանը ստանալով ցեղասպանության ճանաչումը միջազգային բեմահարթակ չտեղափոխելու հավաստիացումներ եւ, իհարկե, փակելով տարածքային խնդիրները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG