Մատչելիության հղումներ

Ամերիկյան դոլարը Հայաստանում շարունակում է արժեզրկվել


Հետամանօրյա առաջին օրերին բարձրանալով մինչեւ 500 դրամի սահմանագիծը՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը հետագա օրերին կրկին սկսեց արժեզրկվել: Այսօր արդեն մայրաքաղաքի փոխանակման կետերը 1 ԱՄՆ դոլարը գնում են 470, վաճառում՝ 476 դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ գրեթե ողջ հունվար ամսվա ընթացքում միջազգային շուկաներում դոլարն ամրապնդեց դիրքերը բոլոր հիմնական արժույթների նկատմամբ. եթե հունվարի սկզբին, օրինակ, եվրոն արժեր 1,36 դոլար, ապա այժմ՝ 1,3 դոլար։

Մինչ ամանօրյա տոները Կենտրոնական բանկը դրամի կտրուկ արժեվորումը բացատրում էր դրսից կատարվող մեծածավալ դոլարային փոխանցումներով։ Բերվող մյուս պաշտոնական փաստարկը ավանդական էր՝ միջազգային շուկաներում դոլարն արժեզրկվում է մյուս հիմնական արժույթների նկատմամբ, ուստի դրամը նույնպես արժեվորվում է։

Վերջին շաբաթների ընթացքում, սակայն, այս երկու պատճառներն էլ կարծես թե դադարել են գործել։ Ամանօրյա տոները ետեւում են մնացել, դոլարը միջազգային շուկայում ամրապնդում է դիրքերը։ Շարքային քաղաքացիները դա բացատրում են հետեւյալ կերպ. արտարժույթի մեծ ներհոսք կա, այդ պատճառով այն արժեզրկվում է:

«Հիմա դրսից օգնություն է գալիս», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց փոխանակման կետերից մեկում գործարք անող մի քաղաքացի: - «Դրա համար էլ այնպես են անում, որ այդ օգնությունը գա, իսկ իրենք շորթեն այդ փողերը»:

Պաշտոնական տվյալներով, 2004 թվականի ընթացքում արտերկրից բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 760 միլիոն դոլար։

Իսկ տնտեսագետ-փորձագետ Էդուարդ Աղաջանովի կարծիքով, վերջին շաբաթների ընթացքում դրամի արժեվորման հիմնական պատճառներից մեկը դրսից «կասկածելի ծագում ունեցող» մեծաքանակ դոլարային փոխանցումներն են Հայաստան՝ դրանց լվացման-լեգալացման եւ օրինականացման նպատակով։

Աղաջանովը համոզված է նաեւ, որ դոլարի արժեզրկման մյուս պատճառը ներքին է՝ Կենտրոնական բանկը վարում է ներմուծողների շահերին համապատասխան քաղաքականություն:

«Ներմուծողների խաղն է, քանի որ հենց ներմուծողների համար է հիմնականում ձեռնտու, որ դրամի կուրսը ամրապնդվի, իսկ դոլարի կուրսը ընկնի: Դրանից շահում են հիմնականում ներմուծողները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազաջանովը:

Կենտրոնական բանկը անուղղակիորեն հաստատում է այս կարծիքը՝ միանգամայն այլ տեսանկյունից։ Մասնավորապես, բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը պնդում է, որ եթե դոլարը չարժեզրկվեր, ապա գների մակարդակը, այսինքն՝ սղաճը երկրում կբարձրանար:

Սակայն, փորձագետները ամենեւին չեն կիսում պաշտոնական տեսակետը, որ եթե դրամը չարժեվորվի, ապա գների մակարդակն անխուսափելիորեն կաճի։ Մասնավորապես, Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի փորձագետների համոզմամբ, դրամի արժեվորումը պարզապես Կենտրոնական բանկի չմտածված ու կողմնակալ գործողությունների հետեւանք է։ Նրանց պնդմամբ՝ ազգային դրամի զանգվածի արհեստական սահմանափակումը հանգեցրել է տնտեսության դրամազրկմանը: Որպես փաստարկ փորձագետները վկայակոչում են տվյալները, թե Հայաստանում շրջանառվող փողի զանգվածի հարաբերությունը երկրի Համախառն ներքին արդյունքին ընդամենը 17 տոկոս է, մինչդեռ զարգացող երկրների միջին ցուցանիշը մոտ 45 տոկոս է, իսկ զարգացած երկրներում այն հասնում է 100 տոկոսի։

Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն, վերջին ամսիներին հայկական դրամի արժեվորումը դրական երեւույթ է համարել հարցվածների միայն 19 տոկոսը: 47,1 տոկոսը դա բացասական է գնահատել։ Ընդ որում՝ դրամի ամրապնդումից շահել են հարցվածների 27,6 տոկոսը, կորցրել՝ 45,1 տոկոսը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG