Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29 հունվարի)

Ամերիկյան մի քանի սենատորների նախաձեռնությունը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահներ Յուշչենկոյին եւ Սահակաշվիլուն հիմնավորվում է մասնավորապես նրանով, որ դա «խթան կլինի նրանց համար, ովքեր ձգտում են ազատության այնտեղ, ուր դա չկա»: «Սա փոքր-ինչ նման է սադրանքի», - արձագանքում է այսօր «Առավոտ» թերթը: «Կուզենայինք օրինակ վերցնել, բայց չի ստացվում: Որովհետեւ նրանց ամերիկացիները այնպե՛ս պաշտպանեցին՝ ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ բարոյապես, որ նրանց կողմից գահընկեց արված իշխանավորները չհանդգնեցին ծպտուն հանել: Էլ չենք խոսում ժողովրդի դեմ ջրցան մեքենաներ եւ էլեկտրաշոկ կիրառելու ու համատարած ձերբակալությունների մասին: Ա՛յ, եթե մեր հայ ընդդիմադիրներն էլ նման աջակցություն ունենային, ապա նրանք էլ իրենց կողքին կկարողանային պահել ժողովրդին: Իսկ առանց այդ աջակցության ընդդիմության համար դժվար է: Առանց նոբելյան հստակ երաշխիքների մեր ընդդիմադիրներն այլեւս միտինգ անողը չեն», - ձեւակերպվում է «Առավոտ»-ում:

«Ոգու փորձություն երկրապահների համար» վերնագրի տակ անդրադառնալով ներերկրապահական խմորումներին ու նոր կազմակերպության հետապնդած նպատակներին՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը սահմանում է. - «Ակնհայտորեն նոր կազմակերպությունը իր շահերն ունի, եւ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական»: Այս առումով հատկապես մատնանշված է. - «Ըստ Ալբերտ Բազեյանի, նոր կազմակերպությունը ձգտում է լինել անկախ ու լուծել իր անդամների համար մի շարք խնդիրներ՝ այդ թվում ազատ ընտրության իրավունքի խնդիրը, երթերին եւ ցույցերին մասնակցելու իրավունքը»:

Քաղաքական կամ մերձքաղաքական կազմակերպություններում ներքին խմորումները կարծես թե դառնում են 2005 թվականի քաղաքական կյանքի առաջին եռամսյակի կարեւորագույն բաղադրիչը: «Հիմա, թերեւս, սկսվում է մի պրոցես, երբ երկրապահի կամ ընդհանրապես «պատերազմի մարդկանց» դերը սկսելու է նվազել: Սա, ըստ էության, դրական պրոցես է, քանի որ հնարավոր չէ քաղաքացիական հասարակություն կառուցել առանց այդ խնդիրը լուծելու: Այնուամենայնիվ, դեռեւս մի քանի ամիս առաջ ԵԿՄ ներսում սկսված պրոցեսները հատուկ մեկնաբանության կարիք են զգում, քանի որ այդ խմորումների կենցաղային, տնտեսական, տղայական շերտերի ետեւում թաքնված է ամենակարեւորը` քաղաքականը», - վերլուծում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի մատուցմամբ՝ ընդդիմության մեջ էլ տեսակետների երկու բեւեռներին կանգնած են «Ոգու փորձության» համակիր, ԵԿՄ համագումարը բոյկոտած Ալբերտ Բազեյանը եւ ԵԿՄ համակիր, ԵԿՄ համագումարը չբոյկոտած Արամ Զավենի Սարգսյանը. - «Եվ այս հակասությունների ամենախորքերում որոշակի դերակատարում ունի դարձյալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: «Քաղաքական նոր իմիջի փնտրտուքը Արամ Սարգսյանին անխուսափելիորեն բերում է այսպես կոչված արեւմտյան արժեքների դաշտ, քաղաքական մի հարթություն, որի լեգիտիմ լիդերի դերակատարումը շարունակում է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանը», - գրում է թերթը: - «Իսկ այս հեռանկարը լրջորեն վախեցնում է Ալբերտ Բազեյանին»: Սա բացատրվում է եւ նրանով, որ վերջինս «որոշակի դեր է ունեցել 1998-ի իշխանափոխության գործում եւ հետագա տարիներին հանդես է եկել անգամ այդ իշխանափոխության գաղափարախոսի դերում»:

«Երկու ժայռերի արանքում հայտնված սերնդի ողբերգություն» խտացման ներքո «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում գրող, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ասում է. - «Այնուամենայնիվ, աշխարհընկալումը մեր մեջ դեռեւս չի ազատվել սովետական փշալարերից։ Կենտրոնը, մեզ համար, այնուամենայնիվ, դեռ Մոսկվան է։ Ես գիտեմ, որ, օրինակ, մեր ժողովրդի մի ահռելի զանգված, երբ նստած է հեռուստացույցի առաջ եւ լսում է Պուտինին, չի անդրադառնում, որ սա իր երկրի նախագահը չէ։ Դեռ մտածում է, որ իր երկրի եղանակը, իր հողը երբ պետք է վարի-ցանի, անձրեւը երբ պետք է գա... Դեռ Մոսկվայով է պայմանավորվում»։ «Մենք լավագույնը թողեցինք՝ դպրոցական համակարգը, մշակութային արժեքների համակարգում սահմանված դասական չափանիշները, այդ բոլորը կորցրինք, իսկ մնացած բոլոր բաները, որոնցից պետք է ազատվենք որպես ազատ մարդ, ազատ երկրի քաղաքացի, չազատվեցինք», - ցավում է Ալվարդ Պետրոսյանը։ - «Դեռ կայսերական մտածողությունն է գերիշխում, այսինքն՝ շարունակում ենք ապրել ոչ տիրոջ մտածողությամբ»։

«Հայոց աշխարհ»-ում այսօր վերլուծություն կա, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի դժվարությանը զուգահեռ, բյուջեի եկամուտների ապահովմանը սկսում է խոչընդոտել նաեւ դոլարի շարունակվող արժեզրկումը։ «Ներկայումս արձանագրվող արժեզրկումն անշուշտ խիստ ռիսկային է ինչպես ֆինանսական շուկայի, այնպես էլ ընդհանրապես տնտեսության եւ տնտեսական գործընթացների համար», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ մասնավորեցնելով. - «Մաքսային մուտքերի ապահովման հարցում տարեսկզբից առաջացել է բարդ կացություն»:

«Տասնյակ տարիներ ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաեւ հրեաների հետ երբեք խնդիրներ չենք ունեցել: Ինչպիսի՞ շարժառիթներ դրդեցին այս արհեստածին հիստերիան», - անդրադառնում է «Ազգ» թերթը: - «Արդյոք նաեւ հայ հոգեւորականի հանդեպ հրեա ուսանողի լկտի արարքի արձագանքը չէ՞ր: Նույնիսկ այս դեպքում անդրադարձն ակնհայտորեն հասարակության ընդհանրական եւ անվերապահ վերաբերմունքի արտահայտությունը չդարձավ: Որովհետեւ բոլոր ազգերի մեջ էլ կան հրեա ուսանողի նման ծայրահեղական վարքագծով մարդիկ, ովքեր իրենց անհանդուրժողական սկզբունքներով վնասում են կողք-կողքի խաղաղ ապրող այլազգիներին»: «Ազգ»-ը ներկայացնում է նաեւ Հայաստանի գլխավոր իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությունը: Ըստ վերջինիս, փորձ է արվում Հայաստանի հասարակությանը կամ պետական քաղաքականությանը վերագրել հակասեմիտիզմ, ինչը շատ կոպիտ սխալ է, ով էլ որ որոշել է դա իրականություն դարձնել: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի բնորոշումները խիստ չափազանցված են, հակահրեականությունը Հայաստանում հասարակական հնչեղություն ունեցող խնդիր չի համարում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG