Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ի բանաձեւի ընդունումը համարում է Հայաստանի դիվանագիտական մարմինների բացթողում


Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովի կողմից «վտանգավոր» բանաձեւի ընդունումը «հայկական դիվանագիտության պատասխանատու մարմինների բացթողման արդյունք է»:

«Մենք բազմիցս զգուշացնում էինք, որ [հարցի քննարկումը] այդ դաշտում մեզ համար ձեռնտու չէ: Այդ ասպարեզը մեզ համար հեռանկարային չէ, մեզ համար օգտակար չէ», - ասաց Վահան Հովհաննիսյանը: - «Սակայն դրան ուշադրություն չդարձվեց: Վստահություն կար, որ Մինսկի խմբի շրջանակներում է ամեն ինչը կատարվում»:

Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, 90-ականների վերջերին արդեն ադրբեջանական կողմը հասկացել էր, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելով չի կարող խնդրին իրենց համար շահեկան լուծում տալ: Ուստի փոխվեց մարտավարությունը, եւ Ադրբեջանը սկսեց փորձել հարցի քննարկումը փոխադրել ոչ մասնագիտական հարթություն:

«Որովհետեւ հարցի յուրաքանչյուր մասնագիտական ուսումնասիրություն բերում է ի վերջո ավելի հայանպաստ, մեզ ձեռնտու հեռանկարների: Սա տեսնելով՝ Ադրբեջանը հասկացել է՝ որքան հարցի ուսումնասիրությունը մասնագիտանում է, այդքան իրենց համար վատ», - փաստարկեց նա:

Իսկ Աթկինսոնի զեկույցի ոչ հայանպաստ դրույթներից, Հովհաննիսյանի գնահատմամբ, ամենավտանգավորը հետեւյալ է. - «Կարծես թե արժեզրկվում է Մինսկի խմբի կատարած աշխատանքը: Նա Մինսկի խմբի վրա է բարդում այն, որ հարցը մինչեւ հիմա լուծված չէ: Դրանով Ադրբեջանի իշխանությունների մերժողական կեցվածքը բոլոր առաջարկությունների նկատմամբ, կարծես թե, արդարացվում է»:

Երկրորդ վտանգավոր հանգամանքը, Ազգային ժողովի փոխխոսնակի կարծիքով, այն է, որ թե’ Թերի Դեւիսը (Ղարաբաղի հարցով նախկին զեկուցողը) եւ թե’ Դեւիդ Աթկինսոնը իրենց զեկույցներում հակամարտության մասին սկսում են խոսել 1992 թվականից ի վեր՝ անտեսելով խնդրի առաջացման պատճառներն ու նախադրյալները:

Այս ուղղությամբ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ըստ Հովհաննիսյանի, հայկական կողմը պետք է լուրջ աշխատանք տանի համապատասխան միջազգային խորհրդարանական ատյանների հետ: Բացի այդ, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը արդեն ընդունել է Դաշնակցության առաջարկությունը՝ ստեղծել նոր խորհրդակցական մարմին՝ պատվիրակությունների ղեկավարների կամ ամբողջ կազմի ընդգրկմամբ, որը կհամադրի ու կվերահսկի պատվիրակությունների աշխատանքը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւն այսօր քննադատել է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Իհարկե, այդ բանաձեւում կան մի շարք մեզ համար անընդունելի կետեր», - լրագրողներին ասել է Ղուկասյանը՝ ավելացնելով. - «Ես չեմ գտնում, թե դա կարող է ճակատագրական նշանակություն ունենալ մեզ համար, բայց ենթադրում եմ, որ մեր դիվանագիտությունը, մեր քաղաքականությունը պետք է լինի ավելի ակտիվ, որ այդպիսի մոտեցումներ չֆիքսվեն»:


Կարինե Քալանթարյան եւ Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG