Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքական գործիչները վիճում են, դիվանագետները՝ բանակցում, սակայն պատմության վճռորոշ պահերին հարցերը լուծում են արտաքուստ ոչնչով աչքի չընկնող հասարակ զինվորներն ու սպաները», - Հայոց բանակի օրվա կապակցությամբ ամրագրում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Այսօր էլ, երբ աշխարհի հզորագույն ուժերը իրենց հարցերն են լուծում Հարավային Կովկասում, սկիզբ է առնում այն յուրահատուկ «անցման շրջանը», որը փոքր երկրների ու ժողովուրդների համար կարող է դառնալ նաեւ կենաց-մահու երկընտրանք: Եվ նման պահերին ամեն ինչ կախված է լինում նրանից, թե ո՞վ կկարողանա դիմանալ, մինչեւ որ վրա հասնեն տեւական խաղաղության ու կայունության վրա հիմնված նոր հստակեցումները»: «Հայոց աշխարհ»-ում շեշտված է. - «Ցանկացած հնարավոր տարբերակում Հայաստանը կարող է դիմանալ եւ ապահովել Արցախի անվտանգությունը, եթե վտանգներով լի «անցման շրջանում» ունենա մարտունակ բանակ, որն ի վիճակի է դիմակայելու Ադրբեջանի նոր ոտնձգություններին»:

«Բանակը, ցավալիորեն, մեր երկրի ամենակայացած արժեքն է: Այլ իրական արժեք չենք էլ կարողացել ստեղծել», - գնահատում է «Այբ-Ֆե» թերթը: Իսկ «Առավոտ»-ի խմբագրականը ընդգծել է. - «Պետք է առաջ գնալ... Պետք չէ բավարարվել ունեցածով եւ մեր բանակի առաջ ծառացած խնդիրներն ընդունել որպես օբյեկտիվ եւ անխուսափելի իրականություն: Մենք կարո՛ղ ենք անել այնպես, որ բանակն ընկալվի որպես մարդու՝ հայրենասիրական զգացմունքների իրացման վայր»:

Առաջիկա օրերին արդարադատության նախարարությունը պաշտոնապես կգրանցի «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը: Վերջինս, ինչպես բնորոշում է «Հայկական ժամանակ» թերթը, ըստ էության, դառնալու է Երկրապահ կամավորականների միությանն ալտերնատիվ կառույց: «Հայտնի է, որ ԵԿՄ վերջին համագումարին չէին մասնակցում Երեւանի տարածքային կազմակերպության բազմաթիվ անդամներ՝ ԵԿՄ Երեւանի քարտուղար, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, նաեւ՝ ԵԿՄ մարզային կառույցների տասնյակ երկրապահներ: Վերջիններիս դեմարշի պատճառը, իրենց ասելով, մեկն էր՝ նրանց համար միանշանակ անընդունելի է իշխանությունների փեշի տակ ծվարած ներկայիս ԵԿՄ-ն», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: Նորաստեղծ կազմակերպության հիմնադիրներն ասում են. - «Որեւէ մեկը, լինի վարչապետ, թե պաշտպանության նախարար, իրեն չպետք է իրավունք վերապահի գալ եւ, անտեսելով ԵԿՄ վարչության նախագահին, ինքը վարի ԵԿՄ նիստերը, ինչպես արվում է այսօր: ԵԿՄ-ն այն կառույցն է, որը վերջապես պետք է մաքրել քաղաքականությունից եւ չդարձնել մահակ՝ իշխանությունների ձեռքին»:

«Ազգերի ինքնորոշման սկզբունքը Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքում չի կարող դրվել». - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի այս հայտարարությունը, «Հայկական ժամանակ» թերթի համադրմամբ, «երկրորդ ուժգին հարվածն է, որ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում ստանում է հայկական կողմը»: «Մեծ հավանականությամբ՝ Ջոնսի եւ Աթկինսոնի հայտարարությունները մեկ շղթայի տարբեր օղակներ են, եւ ի դեմս այդ հայտարարությունների՝ գործ ունենք այն բանաձեւերի հետ, որոնց շրջանակներում միջազգային հանրությունը ուզում է լուծել ԼՂ հարցը: Ակնհայտ է, որ այս իմաստով հսկայական նշանակություն է ունենալու ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումը, որ տեղի է ունենալու փետրվարի կեսերին՝ Բրատիսլավայում», - շաղկապում է թերթը: - «ԱՄՆ-ն ակնհայտորեն փորձելու է արագացնել ԼՂ հարցի լուծումը եւ իր այս դիրքորոշումը ընդունելի դարձնել նաեւ Ռուսաստանի համար»:

«Ստրասբուրգում հայկական դիվանագիտությունը կրել է ջախջախիչ պարտություն», - շաբաթվա վերլուծականում արձանագրում է «Իրավունք» թերթը: - «Այսօր անգամ պետական քարոզչամեքենան չի կարողանում գտնել էական լավատեսական մի բան, որ ներկայացնի Հայաստանի հանրությանը»: «Ու թեեւ արտաքին քաղաքական ազդակների տեսանկյունից իշխանությունն այժմ բավականին թուլացած է, իշխանափոխության գործընթաց սկսելուն խանգարում են այնպիսի էական գործոններ, ինչպիսին են ընդդիմադիր դաշտում հենց անգամ ներկուսակցական տարաձայնությունների ծագումը եւ ընդդիմության կողմից ներկայացված գործողությունների հստակ ծրագրի բացակայությունը», - մատնանշում է «Իրավունք»-ի մեկնաբանը:

«Պանթուրքիզմը Եվրախորհրդում» վերնագրի տակ «Երկիր» թերթն այսօր խտացրել է. - «Ամեն անգամ, երբ մեզանում խոսք է բացվում պանթուրքիզմի մասին, իսկույն հնչում են մեղադրանքներ, թե մենք ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել անցյալից: Մեզ ուզում են համոզել, թե Թուրքիան այսօր արդեն ուզում է եվրոպական արժեքներով ապրել եւ նաեւ մեր՝ հայերիս շահերից է բխում նրա շուտափույթ անդամակցումը Եվրամիությանը, ինչի դեպքում մենք սահմանակից կլինենք քաղաքակիրթ Եվրոպային»: «Թե այսօրինակ պնդումները ինչքանով են վտանգավոր՝ ապացուցեցին իրենք՝ թուրքերը», - հղում է անում «Երկիր»-ը՝ շրջանակելով. - «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման ժամանակ «քաղաքակրթված, եվրոպականացած, պանթուրքիզմը մոռացած» թուրք գործիչը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, խաբեությամբ թյուրիմացության մեջ գցելով վեհաժողովի շատ անդամների, հակահայկական բանաձեւ անցկացրեց... Եվրամիության անդամ դառնալով՝ ավելի մեծ հնարավորություն կունենա ու, չկասկածեք, այդ հնարավորությունը օգտագործել չի հապաղի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG