Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանական ընտրություններում հայազգի թեկնածուներ չկան


Առաջիկա կիրակի օրը Իրաքում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում հայազգի թեկնածուներ չկան. իրաքահայ համայնքի որեւէ ներկայացուցիչ ընդգրկված չէ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում:

«Ոչ մեկը ցանկություն էլ չի ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նաեւ հավաստիացրեց Իրաքում հայկական համայնքի կենտրոնական վարչության ներկայացուցիչ Պարույր Հակոբյանը: - «Այս խառը իրավիճակում մեջտեղ ելնելը այնքան էլ ճիշտ չէ»:


Ամբողջությամբ համամասնական ընտրակարգով կազմավորվելիք խորհրդարանի ընտրություններին մասնակցում են քաղաքական 80 միավոր՝ կուսակցություններ ու դաշինքներ: Խորհրդարանն ունենալու է 275 պատգամավոր:

Հակոբյանի փոխանցմամբ, համայնքը հատուկ որոշում չի ընդունել քվերակությանը մասնակցելու մասին: Իրաքահայերը, նրա խոսքերով, ազատ են ընտրություններին մասնակցելու հարցում. որեւէ թելադրանք չկա, ամեն ոք ազատ է ինքը որոշել քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու հարցը՝ նկատի ունենալով իրավիճակը, հնարավոր սպառնալիքները:

Համայնքը նաեւ չի որոշել, թե ընտրություններին մասնակցող քաղաքական որ ուժին է նախապատվություն տալիս. դա եւս թողնված է յուրաքանչյուրի ընտրությանը: Հակոբյանի խոսքերով, քարոզարշավն այնպիսին չէ, որ կարողանան պատկերացում կազմել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասին:

«Նույնիսկ իրենց ծրագրերը տակավին չեն հրապարակել», - ասաց նա: - «Ուստի մենք չենք կարող որեւէ մեկին քաջալերել կամ հակադրվել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG