Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի ուրվագծմամբ, ուկրաինական հեղափոխությունից հետո արտերկրի գործիչները եւ մամուլը օրեցօր ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանին եւ կանխատեսում, որ ժողովրդավարական հեղափոխության հաջորդ օբյեկտը հենց մեր երկիրն է լինելու: «Ընդդիմությունը արդեն իսկ այսօրինակ ազդակներ է ստանում արտերկրից եւ փորձում է ներքաղաքական զարգացումների նոր շրջան բացել: Եվ իր կոշտ հայտարարություններով Ռոբերտ Քոչարյանը ուզում է ցուցադրել, որ իր դիրքերն այնքան ուժեղ են, որ ինքը կարող է իրեն կոշտ պահել անգամ կոռումպացված չինովնիկների, հարկերից խուսափողների եւ այս կարգի այլազան էլեմենտների հանդեպ: Այսինքն, Քոչարյանը ցույց է տալիս, որ ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին: Այսուհանդերձ, «հակահեղափոխական» այդ գործողությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ, եւ հեղափոխականների շարքերը այդ գործողությունների արդյունքում կարող են համալրվել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Դա երեւում է հատկապես «հարկահավաք շոուի» առաջին ակտից հետո, երբ Հարկային պետական ծառայության աշխատակիցները սկսեցին ասպատակել հանրապետության խանութները: Եվ այդ արշավից պարզ դարձավ, որ «հարկահավաք շոուի» առաջ բոլորը հավասար են, իսկ ոմանք` ավելի հավասար: Եվ միջին առեւտրով զբաղվող մի հսկայական շերտ մարդկանց գիտակցության մեջ այսպիսով սկսում է հասունանալ ժողովրդավարական հեղափոխական մտածողությունը»: «Մոտավորապես նույն արդյունքը պիտի տա նաեւ «բուլդոզեր շոուն», որովհետեւ ի վերջո պարզվելու է, որ պետությունը ոչ թե ապօրինի շինությունների դեմ է պայքարում, այլ նոր տարածքներ է ազատում՝ հաջորդ ընտրություններում ընտրակաշառքի ձեւով բաժանելու համար», - նախանշվում է «Հայկական ժամանակ»-ում:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը «168 ժամ» շաբաթաթերթի հարցազրույցում անդրադառնալով պնդումներին, թե Քոչարյանը 2003 թվականին իշխանության եկավ բացառապես գործարարների շնորհիվ եւ այլեւս ի զորու չի լինի նրանց դեմն առնել՝ զուգահեռում է. - «Բուշի իշխանության եկավ մեծահարուստների փողերով, ուրեմն նա ծառայելու է նրանց շահերի՞ն: Ո’չ: Բուշը ընտրվել է իր երկրի Ընտրական օրենսգրքով, ստացել է ձայների մեծամասնություն, ստացել է քաղաքական իշխանությունը: Նույնն էլ՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում», - ասում է նախագահի խորհրդականը: Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ Քոչարյանը օրինախախտ գործարարների անուններ չտվեց, Բագրատ Եսայանը պատասխանում է. - «Անունները շատ լավ գիտեն կոնկրետ ծառայությունների ղեկավարները: Նրանք, ովքեր թաքցնում են իրական եկամուտները, բիզնեսները, նույնպես կոնկրետ մարդիկ են: Շատ հաճախ իշխանության մեջ ընդգրկված մարդիկ են եւ շատ լավ հասկանում են, թե ինչի եւ ում մասին է խոսքը: Կարծում եմ, ոչ հրապարակային ելույթներում այդ մարդկանց հետ շատ լավ բացատրական աշխատանք է գնում, եւ շուտով մենք արդյունքներին ականատես կլինենք»:

Օրերս Ստրասբուրգում «Յուկոս»-ի գործի արծարծման հետքերով «Առավոտ» թերթը ափսոսանք է հայտնում, որ ժողովրդավարությամբ այնքան էլ աչքի չընկնող երկրներում ԵԽԽՎ-ն հետեւում է միայն օլիգարխների իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ ամենեւին չի նկատում, որ, բացի պալատական բիզնեսմեններից, այդ երկրներում ոչ ոք չի հարստանում: «ԵԽԽՎ-ն պետք է ոչ թե օլիգարխներին պաշտպանի պետական իշխանություններից, այլ հարց տա, թե այդ ինչո՞ւ Ռուսաստանում, առավել եւս՝ Հայաստանում, նույն այդ իշխանություններն ամեն կարգի արգելքներ են ստեղծում՝ թույլ չտալով, որ հարստանան իրենց հետ կապ չունեցող քաղաքացիները», - բանաձեւված է «Առավոտ»-ում:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի խտացմամբ՝ Աթկինսոնի զեկույցը եւ ընդունված բանաձեւը հուշում են, որ արագ փոփոխվող աշխարհում հաջողության հասնելու համար պետք է կարողանանք արագացնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, զգալիորեն առաջ անցնել Ադրբեջանից եւ դառնալ բոլորովին նոր որակի երկիր: Այս առումով «Հայոց աշխարհ»-ում շեշտված է. - «Այդ ո՞վ կարող է ապացուցել, որ ժողովրդավարացման ու եվրոպականացման մարտահրավերն ընկալելու եւ այդ արժեքները խորությամբ յուրացնելու համար հարկավոր է անպայման դիմել հեղափոխական ցնցումների, երբ հեղափոխականությունը որպես գործելակերպ ու մտածելակերպ առավել մեծ ու խորքային արդյունքների է հանգեցնում, եթե այն որդեգրվում է հենց իշխանության եւ մանավանդ նրա առաջին դեմքերի կողմից»: «Մենք կարող ենք արագորեն յուրացնել խաղի նոր կանոնները, դրանց օգնությամբ հիմնավորապես ջարդել աթկինսոնների միջոցով Եվրոպային մատուցվող մարգինալ Հայաստանի կերպարը», - վստահ է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG