Մատչելիության հղումներ

«Թուրքիայում թյուր պատկերացում կա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մասին», - ըստ ադրբեջանական «Day.Az» ինտերնետային կայքի, թուրքական «Զաման» թերթում երեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Պատասխանելով հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի կողմից միջնորդական առաքելություն ստանձնելու հնարավորությանը վերաբերող հարցին, Օսկանյանը նշել է. - «Հայաստանը չի կարող համաձայնել նման առաջարկին, քանի որ պաշտոնական Անկարան՝ որպես Ադրբեջանի դաշնակից, ամենուրեք եւ բոլոր հարցերում պաշտպանում է այդ երկրին»:

«Անկարան չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ խնդրի էությունը», - նշել է Օսկանյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի հասցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների հարցի մակարդակին:

«Այս հարցում կարեւորն այն է, որ Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց անկախության համար: Նրանք չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացիներ եւ գտնվել այդ հանրապետության կազմում: Ներկայումս նրանք անկախ պետություն են կառուցում: Մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի տարածքներից ոչ մեկը չի եղել հայերի վերահսկողության տակ: Այս ամենը նշված հակամարտության արդյունքն է», - հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Լրագրողները արտգործնախարարին հարցրել են, թե երբ է Հայաստանը պատրաստվում ազատել Ադրբեջանի տարածքի «օկուպացված 20 տոկոսը»: Օսկանյանը, ըստ «Day.Az»-ի, «տվել է իրեն բնորոշ պատասխան». - «Լեռնային Ղարաբաղը միշտ էլ եղել է հայկական տարածք: Ինչ վերաբերում է մյուս տարածքների օկուպացիային՝ այդ հարցը իրար մեջ պետք է լուծեն Ղարաբաղը եւ Ադրբեջանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG