Մատչելիության հղումներ

logo-print

«Աթկինսոնի զեկույցը, իր դրական կողմերով հանդերձ, ընդհանուր առմամբ թերի է»


Չորեքշաբթի օրը տարածվել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցերին, որտեղ գնահատելով Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովում երեկ ընդունված բանաձեւը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, արտգործնախարարության խոսնակը այն որակում է «ընդհանուր առմամբ թերի»:

«Միանգամայն դրական գնահատելով Եվրոպայի խորհրդի ջանքերը Հարավային Կովկասի զարգացումների, մասնավորապես այնտեղ կայունություն եւ տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ` այնուամենայնիվ գտնում ենք, որ «Աթկինսոնի զեկույցը», իր դրական կողմերով հանդերձ, ընդհանուր առմամբ թերի է, որովհետեւ այն անդրադառնում է հակամարտության հետեւանքներին՝ առանց խորանալու պատճառների մեջ», - ասել է Համլետ Գասպարյանը: - «Այդուհանդերձ, բանաձեւը պարտավորեցնող իրավական բնույթ չունի, այն խորհրդատվական է ու դեկլարատիվ»:

«Բանակցությունները կշարունակվեն Մինսկի խմբի շրջանակներում եւ, կարծում ենք, որ բանաձեւի դրական եւ բացասական կողմերն առանձնակի ազդեցություն չեն կարող ունենալ բուն բանակցությունների վրա», - ավելացրել է արտգործնախարարության խոսնակը:

Կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները գրեթե նույն կերպ են արձագանքել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւին:

«Իհարկե, եթե ցանկությունների տեսադաշտով նայենք, փաստաթուղթը մեզ չի կարող բավարարել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: - «Բայց այն աշխատանքը, որ առաջին տարբերակի հետ կապված կատարվել է պատվիրակության կողմից, եւ արձանագրվել է որոշակի առաջընթաց՝ դա մեզ համար միանշանակ է: Փաստաթուղթը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Ղարաբաղյան խնդրի լուծումների վրա»:

«Չեմ կարծում, որ ՄԻնսկի խմբի գործընթացի վրա սա անմիջական ազդեցություն ունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: - «Բայց... սա կարող է ոգեւորություն առաջացնել Ադրբեջանի ղեկավարության մոտ՝ պատրանք ստեղծել, որ նման մեթոդներով հնարավոր է ճնշում գործադրել եւ այս իմաստով ավելի կոշտացնել իրենց դիրքորոշումը բանակցային գործընթացում»:

«Ադրբեջանը Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում նոր մարտավարական մի զենք է սկսում գործադրել՝ փորձելով պրոֆեսիոնալ հարթությունից հարցը տեղափոխել խորհրդարանական քննարկումների մակարդակ, որտեղ արդեն հիմնական դերակատարում են ստանում քարոզչական միջոցները», - ավելացրեց Մկրտչյանը:

Կոալիցիոն երրորդ ուժի՝ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգերլդյանը ասաց. - «Իհարկե, սա իրավական հետեւանքներ չունի: Սակայն քաղաքական ազդեցություն՝ մեջբերումների տեսանկյունից, միանշանակ, իհարկե, ունենալու է, որովհետեւ սա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոտեցումն է»:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընդունված բանաձեւը գրեթե կրկնել է Թերի Դեւիսի զեկույցի «վտանգավոր կետերը»:

«Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները փոխլրացնելով միմյանց, կարծես թե ստեղծում են իրավական հիմքեր եւ քաղաքական նախադրյալներ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ հայանպաստ լուծելու համար», - ասաց Բազեյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG