Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով այսօր ավարտեց իր եռօրյա պաշտոնական այցը Իրան, ըստ հաղորդագրությունների, հորդորել է այդ երկրի ղեկավարներին «տնտեսական ճնշում» գործադրել Հայաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը «առաջ մղելու նպատակով»:

Վկայակոչելով ադրբեջանական հեռուստեսություններից մեկը՝ BBC-ին փոխանցել է, որ Ալիեւը այդ մասին ասել է երեքշաբթի օրը Իրանի կառավարության Նպատակահարմարության խորհրդի նախագահ, երկրի նախկին նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ուզում ենք, որ Իրանը պահպանի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում», - ասել է Ալիեւը; - «Միեւնույն ժամանակ, մենք ուզում ենք, որ պաշտոնական Թեհրանը տնտեսական ճնշում գործադրի Հայաստանի վրա»:

Ոչինչ չի ասվում, թե ճնշման կոնկրետ ինչպիսի ձեւեր նկատի ունի Ադրբեջանի նախագահը:

Ղարաբաղյան հակամարտությունում Իրանը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ինչպես Ռաֆսանջանիի, այնպես էլ երկրի ներկա նախագահ Խաթամիի օրոք: Դա, սակայն, չի խանգարել, որպեսզի Իրանը սերտ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ զարգացնի Հայաստանի հետ:

Թեհրանի հրաժարվելը՝ միանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը ադրբեջանցի քաղաքական գործիչները հաճախ մեկնաբանում են որպես հայամետ դիրքորոշման դրսեւորում:

Իրանին, մինչդեռ, անհանգստացնում են անվտանգության ոլորտում Ադրբեջանի՝ աստիճանաբար ամրապնդվող կապերը Միացյալ Նահանգների հետ: Ադրբեջանական մամուլում վերջին ամիսներին հրապարակումներ են եղել, թե առաջիկայում ԱՄՆ-ը կարող է զինվորական ներկայություն ունենալ Ադրբեջանում: ԻՌԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Ալիեւին ասել է, թե չի կարելի թույլ տալ, որ ամերիկացիները ազդեցություն ունենան հարեւան երկրների հարաբերությունների վրա:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG