Մատչելիության հղումներ

Թուրքիայի ճնշմամբ գերմանական դպրոցական դասագրքերից հանվել է Հայոց ցեղասպանության հիշատակումը


Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է գերմանական dpa լրատվական գործակալությունը, Թուրքիայի ճնշման արդյունքում Գերմանիայում դպրոցների ուսումնական ծրագրերից հանվել է Հայոց ցեղասպանության վերջին հիշատակումը:

Die Welt թերթը տեղեկացնում է, որ մի թուրք դիվանագետի՝ Գերմանիայի արեւելքում գտնվող Բրանդենբուրգի երկրամասի վարչապետ Մաթիաս Պլացեկին ուղղված բողոքի արդյունքում 9-10-րդ դասարանների դասագրքերից հանվել է հայերին վերաբերող նախադասության կեսը:

Դպրոցական դասագրքի «Պատերազմ, տեխնոլոգիաներ եւ քաղաքացիական բնակչություն» գլխում այսպիսի մի բառակապակցություն կար՝ «օրինակ, Անատոլիայի հայ բնակչության ցեղասպանությունը»: Ըստ Die Welt-ի, այժմ բառակապակցությունը հանվել է դասագրքից:

Թերթը մեջբերում է Պլացեկի խոսքերը, թե «ցեղասպանությունը չափազանց կարեւոր հարց է կես նախադասությամբ հիշատակելու համար»:

«Բրանդենբուրգի երկրամասը միակն էր Գերմանիայում, որտեղ ուսումնական ծրագրերում հիշատակում կար հայերի զանգվածային սպանությունների մասին», - հավելում է Die Welt-ը:

Պլացեկը անդամակցում է Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Շրյոդերը Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ջերմ կողմնակիցներից է: Գերմանիայում բնակվում են գրեթե երկու միլիոն թուրքեր. դա ամենամեծ թուրքական գաղութն է Եվրամիությունում:

Գերմանիայում հայերի կազմակերպության կենտրոնական կոմիտեի նախագահ Շավարշ Հովասափյանը Die Welt-ին ասել է, որ տեղի ունեցածը «սկանդալ է»:

«Խիստ ցավալի է, որ Անկարան կարողանում է թելադրել, թե ինչպիսին պետք է լինեն դասագրքերը Բրանդենբուրգում», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG