Մատչելիության հղումներ

«Կրոնական փոքրամասնությունները Իրանում ունեն նույն իրավունքները՝ ինչ մահմեդականները»


«Կրոնական փոքրամասնությունները Իրանի խորհրդարանում ներկայացված են 5 պատգամավորներով եւ ունեն նույն իրավունքները՝ ինչ մահմեդականները», - ըստ ԻՌՆԱ գործակալության, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Մաջլիսի խոսնակ Գոլամ Ալի Հադդադ Ադելը:

Նրա խոսքերով, Իրանում բնակվող հայերը ազնիվ եւ արտիստիկ մարդիկ են, որոնք «երկրում որեւէ սոցիալական խնդիր չունեն եւ հանգիստ գոյատեւում են իրենց մահմեդական քույրերի եւ եղբայրների կողքին»:

«Հայ բանասերները եւ իրանագետները հատուկ կարգավիճակ ունեն իրանցի գիտնականների համար, իսկ Երեւանը, իրավամբ, վայելում է տարածաշրջանում իրանագիտության կարեւորագույն կենտրոններից մեկի համբավ», - ասաց նա:

Մաջլիսի խոսնակը նշել է նաեւ, թե Իրանի եւ Հայաստանի կառավարություններին հաջողվել է ճանաչել իրենց կարիքներն ու ներուժը եւ նոր էջեր բացել երկկողմ հարաբերություններում:

Նա նաեւ հույս է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով եւ տարածաշրջանում կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը:

ԻՌՆԱ գործակալությունը փոխանցել է նաեւ, թե երեքշաբթի օրը Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ Իրանի սոցիալական հարցերով նախարար Նասեր Խալոգին ստորագրել են զբաղվածության ոլորտում փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը նախատեսում է աշխատանքի շուկայի ինֆորմացիոն կենտրոնների, զբաղվածության կենտրոնների աշխատանքի օպտիմալացման գործում փորձի փոխանակում, երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի ռազմավարության համատեղ մշակում, մանր եւ միջին բիզնեսի զարգացման խրախուսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG