Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը չի կիսում Եվրախորհրդում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության մյուս անդամների հոռետեսությունը


«Այս 3-4 օրվա ընթացքում արվել է այն, ինչը հնարավոր է եղել», - երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

Մեկնաբանելով ԵԽԽՎ ընդունված բանաձեւը՝ Թորոսյանը նշել է, թե դա Լեռնային Ղարաբաղի հետ կապված առաջին փաստաթուղթն է, որտեղ երկրորդ կետում հստակ ձեւակերպվում է, որ որեւէ երկրի տարածքի ժողովուրդ կարող է անջատվել այդ երկրից ժողովրդավարական միջոցներով եւ այդ տարածքի ժողովրդի աջակցության հիման վրա:

«Սա չափազանց կարեւոր է ձեւակերպում է, առավել եւս, որ Ղարաբաղը հենց այս ճանապարհով է գնացել ի սկզբանե», - ասել է նա:

ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ, ԵԽԽՎ-ն անուղղակիորեն պաշտպանեց Հայաստանի այն տեսակետը, որ շփումները, փոխադարձ վստահության վերականգնումը, համագործակցության առաջին քայլերը պետք է սկսել այսօր, այլ ոչ թե սպասել հակամարտության լուծմանը՝ ինչպես առաջարկում են ադրբեջանցիները:

«Իմ կարծիքով, ադրբեջանցիները լավ չեն հասկանում, որ մեկ տարի հետո, երբ նորից անդրադարձ լինի (դա է պահանջում բանաձեւը)՝ նրանք փաստի առաջ են կանգնելու. ինչո՞ւ են մերժում բոլոր քայլերը, որոնք ուղղված են հենց դրան», - հայտարարել է Տիգրան Թորոսյանը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG