Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովը հաստատեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը


Երեքշաբթի օրը Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատեց Քաղաքական հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, փաստաթուղթը որոշ չափով բարեփոխվել է նախնական տարբերակի համեմատ: «Բայց նախնականն այնքան վատ էր, որ ընդհանուր [առմամբ] փաստաթուղթը մնաց իր վտանգավոր կետերով: Եվ դա, իհարկե, կարող է ադրբեջանցիների կողմից օգտագործվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Ռուստամյանը ասաց, թե ինքը համոզված է, որ Ադրբեջանը «լրջորեն պատրաստվում է ուլտիմատում ներկայացնելու հայկական կողմին, ինչու չէ՝ նաեւ միջազգային հանրությանը՝ «կա’մ իր ուզած սցենարով պետք է հարցը լուծվի, կա’մ ինքը ստանում է այսպես ասած օրինական իրավունք՝ վերսկսելու պատերազմական գործողությունները»:

Հայաստանյան պաատվիրակության ընդդիմադիր անդամ Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, բանաձեւի հաստատումը «կանխատեսելի էր»:

«Տարիների ընթացքում իրականացված սխալ արտաքին քաղաքականությամբ ձեւավորվել է մի մթնոլորտ, եւ այդ մթնոլորտի պայմաններում նույնիսկ ամենահամաձայնեցված, ամենաակտիվ գործողությունների պարագայում էլ շատ դժվար էր փոխել փաստաթուղթը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ որոշ փոփոխություններ, այդուհանդերձ, մտցվեցին, սակայն դրանք չեն փոխել փաստաթղթի էությունը: - «Ամենավտանգավորը, վերջ ի վերջո, մնում է: Կա խնդիր, որ Հայաստանը ագրեսոր է, կան օկուպացված տարածքներ՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը զավթել է մյուս երկրից: Ադրբեջանցիների համար շատ ձեռնտու այս ձեւակերպումը ֆիքսված է փաստաթղթում»:

Քննարկումները սկսվեցին Աթկինսոնի զեկույցով: Նա ասաց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման երեք տարբերակ կա: Առաջինը, Ադրբեջանը պատերազմ է սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ, եւ այդ դեպքում նա չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ: Երկրորդը ստատուս քվոյի տարբերակն է, երբ Ղարաբաղը կլինի անկախ, չճանաչված եւ պաշտպանություն կպահանջի Հայաստանից: Երրորդը խնդրի խաղաղ լուծման շրջանակներում խորհրդարանական ձեւաչափի ներդրումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում:

Ֆրանսիայից, Հունաստանից եւ Իտալիայից մի քանի պատգամավորներ իրենց ելույթներում հնչեցրեցին, որ բանակցային գործընթացում անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը:

Քննարկումներում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պատգամավորները բազմիցս հնչեցրին «էթնիկ զտումներ» ձեւակերպումը:
Նորն այս առումով այն էր, որ Արմեն Ռուստամյանը մատնանշեց հայերից լիովին մաքրված Նախիջեւանը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG