Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «2005-ին ղարաբաղյան կարգավորման հարցում կլինի շոշափելի տեղաշարժ»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման հարցում այդ տարի կլինի շոշափելի տեղաշարժ:

Նրա խոսքերով, այսօր կողմերը ցուցաբերում են «ճկուն մոտեցում»:
«Կողմերը, իմ կարծիքով, ցանկանում են լուծել հարցը, սակայն որեւէ պայմանավորվածություն այսօր դեռ չկա», - ասաց նա:

Մերզլյակովը չհերքեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է «գրավյալ տարածքների» վերադարձի հարցը:

Հայաստանյան եւ ադրբեջանական մամուլում հաճախ պնդումներ են հատնվում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ այնքան հակամարտող կողմերից, որքան երրորդ ուժից՝ նկատի ունենալով, առաջին հերթին, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները:

«Ռուսաստանը, թերեւս, բոլորից շատ է շահագրգռված, որպեսզի այս խնդիրը լուծվի», - ասաց Մերզլյակովը: - «Այն խոչընդոտում է երկու երկրերի հետ Ռուսաստանի հարաբերությունների, տարածաշրջանի նորմալ տնտեսական զարգացմանը: Վերջապես այս խնդրի պատճառով Ռուսաստանը չունի ուղիղ հաղորդակցություն Հայաստանի հետ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը համարում է, որ կգա մի պահ, երբ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հարցի քննարկումը առաջ չի գնա:

«Ես համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է: Զինադադարի մասին փաստաթուղթը ստորագրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը», - ասաց նա:

Մերզլյակովը փոխանցեց նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա փետրվարին Պրահայում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG