Մատչելիության հղումներ

Վարդան 0սկանյան. «0սվենցիմից հետո աչք փակելու իրավունք չունենք»


«Կան վայրեր, որոնք դարձել են ցեղասպանության խորհրդանիշ՝ հայերի համար դա Դեր Զորի անապատն է, կամբոջացիների համար՝ այսպես կոչված մահվան դաշտերը», - ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրեաների ցեղասպանությանը նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում:

Վարդան 0սկանյանը շեշտել է, որ խոսում է նաեւ որպես ցեղասպանություն վերապրածների ժառանգ: Նա մեջբերել է Հիտլերի՝ Լեհաստան ներխուժելուց երկու օր առաջ ասած խոսքերը՝ «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»:

Նախարարը ավելացրել է, որ 0սվենցիմից հետո որեւէ մեկն իրավունք չունի չտեսնել եւ չլսել: «Որպես հայ, ես գիտեմ, որ աչք փակելը, խոսելու իրավունքից զրկելը խորացնում են վերքերը», - ասել է Օսկանյանը՝ նաեւ փաստելով. - «Մենք հիմա այստեղ ենք, որովհետեւ 60 տարի առաջ խորհրդային բանակն ազատագրեց 0սվենցիմը, ես այսօր այստեղ եմ, որովհետեւ 90 տարի առաջ արաբները ապաստան տվեցին տեղահանված հայերին»:

«Օսվենցիմից հետո մենք բոլորս հրեա ենք, մենք բոլորս գնչու ենք, մենք բոլորս հարմար չենք, խոտորված ու անցանկալի ենք ինչ-որ մեկի համար ինչ-որ տեղ: Օսվենցիմից հետո մարդու խիղճն այլեւս նույնը չի կարող մնալ», - շարունակել է Հայաստանի արտգործնախարարը: - «Օսվենցիմը իր չարաղետ շուքն է գցել պատմության բոլոր օսվենցիմների, մեր հավաքական պատմության վրա՝ թե’ դրանից առաջ եւ թե’ դրանից հետո»:

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Բաքի Իլքանը իր ելույթում պնդել է, թե Թուրքիան բոլոր ժամանակներում՝ դեռ ինկվիզիցիայից սկսած, միշտ ապաստան է տվել հրեաներին, քաղաքացիություն է շնորհել Թուրքիա փախած հրեաներին թե’ առաջին, թե’ երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ:

«Թուրքիան միշտ ապահով ապաստան է եղել բոլոր նրանց համար, ովքեր ենթարկվել են հալածանքների եւ հետանդումների», - ասել է թուրք դիվանագետը:

Միեւնույն ժամանակ, Իսրայելի արտգործնախարար Սիլվան Շալոմը փաստել է, որ կա ցեղասպանությունից ավելի սարսափելի բան. - «Դա այն է, երբ մի բան անում ես, իսկ հետո հերքում ես, որ նման բան ես արել», - ասել է իսրայելցի դիվանագետը:




Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG