Մատչելիության հղումներ

Կալանվել է «Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը


Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանվել է «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից, քրեական գործը Ավետիսյանի նկատմամբ՝ ազգամիջյան թշնամանք քարոզելու մեղադրանքով, Երեւանի դատախազությունը հարուցել էր հունվարի 21-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը հաստատեց, որ Արմեն Ավետիսյանը ներկայումս գտնվում է Նուբարաշենի մեկուսարանում:

Անցյալ տարվանից ի վեր Արմեն Ավետիսյանը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում հանդես է եկել հակահրեական հայտարարություններով: Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ խնդրի վերաբերյալ դեռ անցյալ տարի 12 գրավոր դիմումներ են հղել հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ի պատասխան բոլոր գերատեսչություները խորհուրդ են տվել հրեական համայնքին դիմել իրավապահ մարմիններին, ինչից իրենք ձեռնպահ են մնացել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարժապետյանը վրդովված ասաց, որ Ավետիսյանի լրատվամիջոցներում «լկտիաբար» հայտարարում է, թե՝ որեւէ երկրում հրեական համայնքի առկայությունը «լրջորեն վտանգում է տվյալ երկրի կայունությունը»:

Արմեն Ավետիսյանը ոչ միայն շարունակում է հանդես գալ հակահրեական հայտարարություններով, այլեւ վերջերս հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է. - «Իշխանությունները օտարերկրյա լրտեսներ, օտարերկրյա գործակալներ, ապազգային տարրեր [են], որոնք ծառայում են ջհուդամասոնության շահերին եւ փորձում են վերացնել երկրի երեսից ազգությունները եւ մարդու պատիվն ու արժանապատվությունը»:

Այս ամսվա սկզբին հրապարակված՝ ԱՄՆ պետդեպարտամենտի «Համընդհանուր հակասեմիտիզմը» զեկույցում նշված էր, որ ԱԼՄ հեռուստաընկերության տնօրենը հակահրեական հայտարարությունն է արել եթերում, իսկ «Հայ արիական միաբանություն փոքրիկ եւ գերազգայնական կուսակցության ղեկավարը կոչ է արել երկիրը մաքրել հրեաներից»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG