Մատչելիության հղումներ

logo-print

Ստացվել է «Հայֆիլմ»-ը սեփականաշնորհելու շահեկան հայտ


Անցած շաբաթավերջին Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման առաջարկ, որի մասին մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը՝ հրաժարվելով առժամանակ հրապարակել առաջարկի հեղինակի անունը:

«Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը հայտնի է դարձել, որ «Հայֆիլմ»-ը մասնավորեցնելու շահեկան առաջարկ ներկայացնողը Միացյալ Նահանգներում բնակվող Խաչիկ Խաչիկյանն է, ով իր երկու ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է ուրբաթ օրը կայացած խորհրդակցությանը: Վերջինիս մասնակցել են նաեւ ոչ միայն կինոգործիչների, այլեւ մյուս ստեղծագործական միությունների ղեկավարները:

Խաչիկ Խաչիկյանը մասնագիտությամբ շինարար է: Ծնվել է Բեյրութում, հետագայում տեղափոխվել է Հայաստան, իսկ 1976-ից բնակվում է Միացյալ Նահանգներում: Նրա ներկայացրած ծրագիրը արժանացել է հավանության. առաջիկա 3-5 տարիների ընթացքում նա խոստանում է 100 միլիոն դոլարի ներդրում կատարել եւ ֆինանսավորել տարեկան 5-6 հայկական ֆիլմերի արտադրությունը:

«Իր նպատակն է Միացյալ Նահանգներից պրոդյուսերներ Հայաստան բերել, նրանց համար պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք Հայաստանում ֆիլմեր նկարահանեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդակցության մասնակիցներից կինոգետ Միքայել Ստամբոլցյանը՝ ավելացնելով, որ դա ոչ միայն բարձր վարձատրվող աշխատատեղեր կբացի կինոյի բնագավառում աշխատող մասնագետների համար, այլեւ հնարավորություն կտա վերջիններիս ձեռք բերել միջազգային փորձ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG