Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 22-ը հունվարի)


Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ջոնսի հայտնի հայտարարության ամփոփման շրջանակներում «Հայոց աշխարհ» թերթը ուշադրություն է սեւեռում վերջին օրերին մամուլում տեղ գտած այսօրինակ ձեւակերպումների՝ «Քրեական եք՝ քրեական են ասում, ժողովրդական եղեք՝ ժողովրդական ասեն», «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը լուրջ եւ իր խոսքի արժեքն իմացող գործիչ է», «Ջոնսի հայտարարությունը ազգային ազատագրական հրահանգված ոգեւորության հերթական ալիքն է հարուցել Հայաստանի ոչ անհայտ շրջանակներում: Պարտիական ակտիվի լավագույն ավանդույթներով այս ու այնտեղ աշխատավորական կոլեկտիվները ժողովներ են անում եւ ելույթներ ունենում»: «Այսպես, առանց ձեւականությունների՝ օրը ցերեկով Ղարաբաղի «քրեական» եւ «կոռումպացված» իշխանությունը տապալելու անհրաժեշտության մասին պետքարտուղարի նախկին օգնականի «ստույգ» ձեւակերպումների առիթով չարախնդում եւ հարգարժան տիկնոջը դատապարտող անգիտակից տարրերից կրծքով պաշտպանում է հհշական մամուլը», - վրդովվում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Ուզում են շեշտել, թե հասարակությունը թքած ունի Ղարաբաղի վրա էլ, Լեռնային Ղարաբաղի «քրեական» իշխանությունը Ռուսաստանի օգնությամբ կամ «ժողովրդավարական հեղափոխության» փորձարկված ճանապարհով փոխելու ամերիկյան նկրտումների վրա էլ, եւ Ջոնսի հայտարարության հետ կապված աղմուկ-աղաղակը ընդամենը վերեւից կազմակերպված իմիտացիա է»: «Հայոց աշխարհ»-ում եզրափակվում է. - «Եթե թուրք-ադրբեջանական քարոզչությունը սպասարկող հայատառ մամուլը մեզանում պահանջարկ ունի, եւ հասարակությունը հանդուրժում է դավաճանության այս շքահանդեսը, ուրեմն տիկին Ջոնսի որակումներին արժանի ենք»:

«Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությանը հաջորդած հայաստանյան իրադարձությունները բացահայտեցին ներքաղաքական կյանքի այնպիսի «երեսներ», որոնց մասին ոմանք երեւի կռահում էին, բայց որեւէ փաստով չէին կարող հիմնավորել իրենց այդ կռահումները: Բայց Ջոնսի հայտարարության նկատմամբ առկա «հանրային ցասումը» ընդամենը ապացուցեց, որ Հայաստանը թեւակոխել է ուշ, այսինքն՝ քայքայվող ավտորիտարիզմի փուլ», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Այդ փաստը ուղղակի դուրս է հորդում հեռուստաէկրաններից, որոնք արդեն քանի օր անհոգնել ցուցադրում են, թե ինչպես են աշխատավորական կոլեկտիվները վրդովվել... Ակնհայտորեն, շատերը երջանիկ են խորհրդային ժամանակներ վերադառնալու համար: Նրանց թվում է, թե ով ավելի բարձր հայհոյի Ամերիկային, ու ում բախտ վիճակվի դա անել «Հայլուրի» էկրաններից` նրան ավելի լավ առողջարանի «պուծյովկա» կտան: Այլապես ինչպես բացատրել, որ տարիքն առած բժիշկները, քափ-քրտնքի մեջ, հեռուստախցիկների առաջ ռուսական առոգանությամբ մի կերպ կարդում են այնպիսի հայերեն տեքստեր, որոնց մեջ ընդգրկված հայերեն տերմիններին կյանքում առաջին անգամ են հանդիպում»: «Հայկական ժամանակ»-ում նաեւ ընդգծված է, թե անկախ դրսի ընկալումներից ու հայտարարություն անել-չանելուց՝ փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղում էլ մի շերտ վերնախավ միլիոններ է կուտակում, երբ շարքային մարդիկ չքավորության եզրին են: «Մի՞թե նրանց պայքարը ոչ թե ազատության համար էր, այլ ընդամենը ստրկատիրոջ փոփոխության», - հարց է դնում «Հայկական ժամանակ»-ը՝ այս հրապարակման վերջում էլ պատեհ համարելով «Արթնացի’ր, հայ մարդ» կարգախոսը:

«Դուբայում ձերբակալված պատգամավոր Հակոբ Հակոբյանը ճարպիկ մարդ լինելով` մի բան «կդզի» եւ դուրս կգա բանտից: Բայց տհաճ հետքը կմնա», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Մյուս կողմից՝ իսկ ինչո՞ւ չպետք է այդպես լիներ: Այդ ինչո՞ւ հանգստանալու կամ աշխատելու նպատակով արտասահմանում հայտնված մեր հայրենակիցներն իրենց պետք է դրսեւորեն ոչ այնպես, ինչպես իրենց երկրում... Իսկ ամաչել էր պետք այն ժամանակ, երբ մենք թույլ էինք տալիս, որ մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմին թափանցեն կիսաքրեական, մականունավոր հեղինակությունները: Հակոբ Հակոբյանը պատգամավորի մանդատն էլ հո չի՞ գողացել՝ ստացել է օրինական ձեւով: Եվ այդ գործում նրան օգնել են ընտրակաշառքով իրենց ձայները վաճառածները, նրա օգտին ընտրակեղծիքներ անողները կամ էլ, ինչը եւս չի բացառվում, նրան իսկապես օրինական ճանապարհով ընտրածները՝ համարելով, որ նա՛ է ժողովրդի ամենաիսկական ընտրյալը»: «Հայկական ժամանակ»-ում էլ ամրագրված է. - «Այս միջադեպը մեր խորհրդարանում որեւէ մեկի զարմանքն առանձնապես չի առաջացրել: Եվ դա բնական է, քանզի դժվար է ասել, թե 131 պատգամավորներից ու մեր բարձրաստիճան մնացած պաշտոնյաներից քանիսն է, որ ջեբկիրի հոգեբանություն չունի. անկախ նրանից, թե իր «գոլդ» կրեդիտ քարտի վրա տվյալ պահին քանի միլիոն դոլար կա»: Ինչ վերաբերում է բուն գործին, ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի հյուպատոս Նանե Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Իրավիճակն իսկապես շատ բարդ է: Այս երկրի օրենքները շատ խիստ են: Չնայած Հակոբ Հակոբյանը պնդում է, որ ինքը անմեղ է, սակայն նրանք երեքն էլ պետք է մնան այս երկրում այնքան ժամանակ՝ մինչեւ ավարտվի նախաքննությունն ու տեղի ունենա դատը»: Իսկ դա, ըստ Նանե Ղազարյանի, կարող է տեւել կես տարուց ավելի:

«Ազգ» թերթում վերլուծություն կա, որ ԱՄՆ - Իրան հարաբերությունների լարվածությունը հանգեցնելու է լարվածության հավելյալ պաշարի ստեղծմանը տարածաշրջանում. - «Լարվածության այդ պաշարը շարունակ ապակայունացնելու է տարածաշրջանը, իսկ դա անխուսափելիորեն անդրադառնալու է տարածաշրջանի երկրների, առավել եւս Իրանի անմիջական հարեւանների վրա: Ռազմական ներխուժման ամերիկյան սպառնալիքներն Իրանի հետ երկկողմ հարաբերություններում ակամա կաշկանդելու են հարեւան երկրներին: Իրանի նկատմամբ դիրքորոշումը դառնալու է հարեւան երկրներին Վաշինգտոնի մոտեցման չափանիշը»: Ավելի որոշակի կանխատեսվում է, որ ամերիկյան հայտարարությունների «բացասական հետեւանքներն առավելագույնս անդրադառնալու են հենց Հայաստանի վրա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG