Մատչելիության հղումներ

Շարունակում են աճել Հայաստան - Եվրամիության երկրներ առեւտրի ծավալները


Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անցյալ տարի Հայաստանի արտաքին առեւտուրը միջին հաշվով աճել է մոտ 5 տոկոսով՝ գումարային առումով կազմելով ավելի քան 2 միլիարդ դոլար։ Ապրանքների արտահանումն աճել է 4,3, իսկ ներմուծումը՝ 5,5 տոկոսով։

Արտաքին առեւտրի միտումներն ուրվագծելիս հարկավոր է փաստել, որ անցյալ տարվա արդյունքներով Հայաստանի արտաքին առեւտրական գործընկերների շարքում աննախադեպ ընկել է Ռուսաստանի բաժինը. թե’ արտահանումները եւ թե’ ներմուծումները կրճատվել են մոտ 13 տոկոսով, ու այսօր Ռուսաստանի բաժինը Հայաստանի արտաքին առեւտրում կազմում է ընդամենը 12,5 տոկոս, մինչդեռ երեք-չորս տարի առաջ այն առնվազն 25 տոկոս էր կազմում։

Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրների հետ առեւտուրն աճել է չնչին չափով՝ մոտ 2,5 տոկոսով, եւ այդ երկրների բաժինը կազմում է Հայաստանի արտաքին առեւտրի ընդամենը 20 տոկոսը։

Սրան զուգահեռ շարունակել է անշեղորեն աճել Եվրամիության երկրների հետ Հայաստանի առեւտուրը. այն աճել է շուրջ 10 տոկոսով՝ կազմելով Հայաստանի արտաքին առեւտրի ծավալների 36,5 տոկոսը։

Անցյալ տարվա ընթացքում մոտ 50 տոկոսով աճել է Վրաստանի հետ Հայաստանի առեւտուրը: Աչալուրջ դիտորդները, սակայն, դա բացատրում են ոչ թե անմիջաբար Վրաստանի, այլ Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած միջնորդավորված առեւտրի ծավալների աննախադեպ աճով։

Բացատրությունը, թերեւս, հետեւյալն է. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը եւ, որպես հետեւանք, այդ երկրի տարածքում տարածքում պաշտոնական եւ ոչ պաշտոնական կառույցների շորթումների ու ռեկետի շոշափելի կրճատումը բարենպաստ են անդրադարձել հայ գործարարների բիզնեսի վրա։

Այս վարկածի օգտին են խոսում Հայաստանի վիճակագրական գերատեսչության եւ Հայաստանի հետ առեւտուր անող թուրքական գործարար շրջանակների մատուցած տվյալների տարբերությունները։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստան - Թուրքիա առեւտուրը 2004 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 34,5 միլիոն դոլար, այսինքն՝ գրեթե չի աճել: Հայ-թուրքական բիզնես խորհրդի թուրք անդամ Նոյան Սոյակի տվյալներով, սակայն, անցյալ տարի հայ-թուրքական առեւտրի ծավալը հասել է 120 միլիոն դոլարի։

Բաքվի «525-րդ» թերթին թուրք գործարարը վերջերս ասել էր, թե մինչ այժմ փոխադարձ առեւտուրը զարգացել է գլխավորապես սննդամթերքի, հագուստի, եւ շինանյութի արտահանումների հիման վրա: Սոյակը հավելել էր նաեւ, թե իրենք հայ գործընկերների հետ մշակել են համագործակցության ավելի հեռանկարային ծրագրեր։

Հարցին, թե երկու երկրների միջեւ եղած քաղաքական խնդիրները խոչընդոտ չե՞ն նմանօրինակ ծրագրերին, թուրք գործարարը պատասխանել էր. - «Մենք ցանկանում ենք տարանջատել բիզնեսը քաղաքականությունից։ Այդ կերպ ավելի հեշտ կլինի լուծել քաղաքական խնդիրները»։

Թուրք գործարարը փոխանցել է նաեւ, որ իրենց ջանքերի մեջ իրենք լիակատար աջակցութուն են ստանում թուրքական կառավարությունից ու տվել հետեւյալ գնահատականը. հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ եղած խոչընդոտների հաղթահարման դեպքում երկու երկրների միջեւ առեւտրի ծավալները կարող են հասնել կես միլիարդ դոլարի։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG