Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Բոլորս սպասում ենք, թե Հայաստանի պաշտոնական դեմքերից գոնե մեկը ինչ-որ կերպ հանդես կգա Ջոնսի հայտարարության մեկնաբանությամբ: Սակայն օրերն անցնում են, իսկ իշխանություններն ընդամենը ստորագրահավաքներ եւ «բազեների» ակցիաներ են անցկացնում», - արձանագրում է այսօր «Առավոտ» թերթը՝ մեծ հաշվով բխեցնելով. - «ԱՄՆ-ը կարող է եւ չնկատել Երեւանի երիտասարդության բողոքի ակցիաները: Փոխարենը՝ Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությանը պաշտոնական Երեւանի լռությունը կարող է ընկալվել որպես համաձայնության նշան»: Ըստ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, քանի որ Էլիզաբեթ Ջոնսը շուտով պաշտոնանկ է լինելու, «կարելի է եզրակացնել, որ նրա շեֆերը, ընդհուպ մինչեւ ԱՄՆ վարչակազմի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները, նման պաշտոնական հայտարարություն անելու համար նրան թույլտվություն չեն տվել»: «Մենք չպետք է շատ լուրջ ընդունենք այդ տիկնոջ հայտարարությունը», - ներշնչում է Հովհաննիսյանը «Երկիր» թերթում՝ միաժամանակ նշելով. - «Այս հայտարարությունը պատահական չի արվել... Նման հայտարարությունները սովորաբար արվում են այս կամ այն միջազգային կազմակերպություններում սպասվելիք քննարկումներից առաջ»: «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, անցած շաբաթ Երեւանում ԱՄՆ կոնգրեսականների օգնականների հետ հանդիպման ժամանակ ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ իշխանական ու մերձիշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ վերջիններիս ուղղակի հասկացրել են, թե իրենք են հայաստանյան սահակաշվիլիներն ու յուշչենկոները: «Եվ ամերիկացիները մեր փոքրիկ երկրում այնքան Սահակաշվիլի ու Յուշչենկո են հայտնաբերել, որ հիմա խիստ դժվար ընտրության առաջ են կանգնած, թե ում վրա ստավկա անել: Իսկ առաջիկայում Հայաստան է այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ոչ մի րոպե չենք կասկածում, որ մեր քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայի ռուս պաշտոնյային պատմելու իրենց երդվյալ ռուսամետության ու հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, որը չի կարող խաթարել ոչ մի քրչոտ արեւմուտք», - խտացված է «Հայկական ժամանակ»-ում:

«Կարո՞ղ է արդյոք Հայաստանը երկար ժամանակ դիմանալ իր «աքիլլեսյան գարշապարը» «շոշափելու» ԱՄՆ փորձերին: Ունի՞ արդյոք Հայաստանը իր ողջ ռազմավարությունը շեշտակիորեն փոխելու եւ միակողմանիորեն դեպի ԱՄՆ-ը թեքվելով՝ Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորումը վերջինիս օգնությամբ ավարտելու հնարավորություն». - այս հարցերի շրջանակում «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը վերլուծում է. - «Հայաստանն ուղղակի չունի որեւէ ուղղությամբ «կտրուկ շարժումներ» անելու հնարավորություն: Եվ դա ոչ թե նրա իշխանության արտաքին քաղաքականության հետեւանքն է, այլ աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրողությունների պարտադրանքը: Սա նշանակում է, որ Հայաստանի համար ստեղծվում է մի բարդ շրջան, որը պահանջում է արտաքին ու ներքին ուժերի առավելագույն մոբիլիզացում՝ կարողանալու համար վարել միակ հնարավոր՝ «լողացող» քաղաքականություն... մինչեւ այն պահը, երբ կամ պայքարող կողմերից մեկը լիովին դուրս կմղվի խաղից, կամ էլ, որ ավելի ցանկալի է, նրանց միջեւ կկայանա որոշակի համաձայնություն Հայաստանի հարցում»: Իսկ «Իրավունք» թերթի մեկնաբանի ընկալմամբ, հակառակ իշխանական քարոզչամեքենայի՝ այդ հայտարարությունը առանձին, «շուտով պաշտոնաթող դարձող» անձի տեսակետ ներկայացնելու ջանքերին, առավել քան ակնհայտ է, որ պետքարտուղարի օգնականը ներկայացրել է հենց Միացյալ Նահանգների պաշտոնական տեսակետը: «Իսկ հայտարարության կապակցությամբ Հայաստանի իշխանությունները իրոք անհանգստանալու լուրջ պառճառ ունեն», - ընդգծում է մեկնաբանը: - «Քրեական անջատողականներ հասկացությունը վերաբերում է ոչ միայն եւ ոչ այնքան ԼՂՀ ներկայիս իշխանություններին, որքան (ամերիկյան տեսանկյունից ելնելով) Հայաստանի իշխանական համակարգի ամենաազդեցիկ դեմքերին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, քանզի վերջիններս երկար տարիներ եղել են հենց ԼՂՀ իշխանության առանցքային դեմքերը: Եվ պարզ է, որ այդ բնորոշումը վաղ թե ուշ ուղղվելու է հենց նրանց դեմ»: «Իսկ ԱՄՆ-ը լուրջ դրդապատճառներ ունի կոշտ ճնշումների դիմելու: Վաշինգտոնի համար կարեւոր է, թե ով ու ինչ հուսալիությամբ է վերահսկում հայ-իրանական՝ այժմ փաստացի շուրջ 150 կմ երկարություն ունեցող սահմանագիծը: Հեռանկարում ցանկություն կարող է լինել հենց այդ սահմանագծում ժամանակավորապես կամ մշտապես սեփական զինուժը տեղադրելու, ուստի Վաշինգտոնից անընդմեջ լինելու են ազդակներ՝ ամերիկամետ նորանոր զիջումների պարտադրանքով: Այս պահին Հայաստանի իշխանություններն էլ դրան հակադրելու այլ բան չունեն, քան կոմերիտական հին ավանդույթների ոճով «հանրային դժգոհության հուժկու ալիքի» կազմակերպումը եւ վիզը ծուռ Մոսկվայի ուղղությամբ նայելը», - ի մի է բերված «Իրավունք»-ում:

Անդրադառնալով ներիշխանական նոր խմորումներին՝ «Իրավունք»-ի մեկնաբանը ուրվագծում է. - «Նոր սուպերնախարարության ձեւավորմամբ Հովիկ Աբրահամյանի դիրքերի աննախադեպ ամրապնդումը կարող է վճռորոշ դեր խաղալ այս տարվա աշնանը արդեն իսկ մեկնարկող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Իշխանական շրջանակները չափազանց մեծ նշանակություն են տալիս դրանց՝ վարչական լծակների տիրանալու առումով: Քաղաքական շրջանակներում արդեն իսկ վստահությամբ պնդում են, որ հաջորդ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու է առաջադրվելու Սերժ Սարգսյանը, եւ չի բացառվում, որ նրա նախընտրական շտաբի պետ է լինելու հենց ապագա սուպերնախարար Հովիկ Աբրահամյանը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG