Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյանը հորդորում է Քոչարյանին չներառել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղծառայության համակարգում


Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին Պաշտպանի աշխատակազմը Քաղաքացիական ծառայության համակարգում ներառելու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխության վերաբերյալ՝ պնդելով, որ նման քայլը հակասում է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կառույցին վերաբերող գաղափարախոսությանը, այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքին:

«Պաշտպանի աշխատակազմը Քաղաքացիական ծառայության համակարգում ներառելը հակասում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցին վերաբերող գաղափարախոսությանը, «Ազգային կառույցների մասին» Փարիզյան սկզբունքներին եւ միջազգային մյուս չափանիշներին», - ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության, ասվում է նամակում: - «Կառույցի գաղափարախոսության հիմքում դրված է նրա լիակատար անկախությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից, ինչը չի երաշխավորվում, եթե աշխատակազմը ներառվում է քաղաքացիական ծառայության համակարգ»:

Նամակում վկայակոչվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը, որն «ընդունվել է նման կառույցներին վերաբերող միջազգային հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան, ենթարկվել է միջազգային փորձաքննության եւ կառույցի անկախությունն ամրագրող նորմերն արժանացել են հավանության»: Այդ օրենքում ամրագրված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) ինքնուրույն եւ անկախ պաշտոնատար անձ է»:

«Հայաստանի Հանրապետությունը չունի մեկ այլ պաշտոն, որն անվանված լիներ «ինքնուրույն եւ անկախ»», - փաստարկում է Լարիսա Ալավերդյանը: - «Պաշտպանի անկախության ցանկացած սահմանափակում անթույլատրելի եւ անընդունելի է, քանի որ այն կհանգեցնի պետական կամ տեղական ինքնակառավարման այս կամ այն մարմնի դուրս մնալուն Պաշտպանի ազդեցության, Պաշտպանի վերահսկողության ոլորտից, առավել եւս, եթե նման սահմանափակումը նաեւ հանգեցնում է Պաշտպանի կախվածությանը տվյալ մարմնից»:

«Եթե Պաշտպանի աշխատակազմը ներառվի Քաղաքացիական ծառայության համակարգ, ապա պաշտպանը կադրերի գծով հաշվետու եւ վերահսկման ենթակա պետք է լինի Քաղծառայության խորհրդին, ինչը հակասում է օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված այն սկզբունքին, որ «Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձի», - շարունակում է Ալավերդյանը՝ հարկ համարելով ավելացնել նաեւ, որ «ոչ մի երկիր, այդ թվում նաեւ հետխորհրդային, Պաշտպանի աշխատակազմի ձեւավորման իրավունքը չի վերապահել պետական մարմնին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG