Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր պատասխանը Չեմբեռլենին» խորագրի տակ է «Հայոց աշխարհ» թերթը ներկայացնում բողոքի ձայնի ալիքը, ինչպես որակում է՝ «Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի անհեթեթ ձեւակերպումների կապակցությամբ»: Այսօրինակ բազմաթիվ հրապարակումներ կան եւ այլ թերթերում: «Առավոտ»-ում, օրինակ, հատուկ տեղ է գրավում Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի, ավագանու, մտավորականների խորհրդի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների խորհրդի եւ գործարարների ու ապրանքարտադրողների խորհրդի համատեղ հայտարարությունը: «Հայկական ժամանակ» թերթի դիտարկումներով, արդեն երկու օր է՝ Հայաստանի իշխանության ամենավերին օղակներում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում, թե արժե՞ արդյոք պաշտոնապես արձագանքել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտնի հայտարարությանը: Որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի հրապարակվել, եւ Հայաստանի իշխանությունները զբաղված են «հասարակական բողոք» կազմակերպելով». - «Պարտիական ակտիվի լավագույն ավանդույթներով՝ այս ու այնտեղ աշխատավորական կոլեկտիվները ժողովներ են անում եւ ելույթներ ունենում «մեր պատասխանը Չեմբեռլենին» մոտիվներով», - գրում է թերթը: Իրականում, սակայն, ըստ «Հայկական ժամանակ»-ի, Ղարաբաղում «իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հիմնված է քրեական կլանների վրա, չինովնիկները կեղեքում են ժողովրդին` յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով»: «Եվ այսպես եղել է գրեթե միշտ, ու գրեթե միշտ եղել են մարդիկ, ովքեր պնդել են, ասել են, գոռացել են, որ Ղարաբաղի հարցի հայանպաստ կարգավորման ամենաարդյունավետ բանաձեւը ԼՂՀ-ն իրավական եւ ժողովրդավարական պետություն դարձնելն է, եւ որ այն ուղին, որ ընտրել են Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները՝ կործանման է տանում: Այսօրվա համար են ասել», - խտացնում է թերթը: - «Եվ նորընծա ցուցարարներին խորհուրդ կտայինք չդադարեցնել իրենց բողոքի ակցիաները, որովհետեւ ոչ հեռու ապագայում նրանք ստիպված են լինելու պաշտպանել արդեն Հայաստանի իշխանություններին, որովհետեւ հեռու չէ այն օրը, երբ արեւմտյան որեւէ լիդերի շուրթերից կլսվի «Հայաստանի քրեական իշխանություններ» արտահայտությունը»:

«Ըստ որոշ դիտորդների, Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի իշխանության «կոռումպացված» եւ «քրեականացված» լինելու մասին կատարյալ հերյուրանք են, որովհետեւ Ղարաբաղի քրեական եւ կոռումպացված տարրերը վաղուց արդեն Հայաստանում են», - ձեւակերպել է այսօր «Առավոտ» թերթը՝ խմբագրականում էլ նշելով. - «Այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Լեռնային Ղարաբաղի իշխանությունները «քրեածին» եւ «կոռումպացված» անվանեց, իսկապես ցավալի է: Դրանք նույնքան քրեածին են եւ կոռումպացված, որքան Հայաստանի, Ռուսաստանի կամ, ասենք, Ադրբեջանի իշխանությունները»: Բողոքի ակցիաներն էլ, ըստ «Առավոտ»-ի այս առումով ճիշտ են՝ թող ԱՄՆ պաշտոնյաները խոսելուց առաջ ճշգրիտ բառեր ընտրեն: «Բայց եկեք հասկանանք, թե ինչու է պետքարտուղարի տեղակալը դա ասել», - միաժամանակ շեշտադրում է «Առավոտ»-ը: - «ԱՄՆ-ը կայացած պետություն է, եւ որեւէ պաշտոնյա պատահական բան չի ասում՝ ո'չ ժամանակի, ո'չ էլ ոճի առումով: Պարզապես աշխարհի կարգը որոշողները մեզ հասկացնել են տալիս, որ «շուստրիությամբ» հարցը ձգձգելու լիմիտը սպառված է: Ու ոչ մի Ռուսաստան չի օգնի մեզ: Իսկ որ ԱՄՆ-ը լծակներ ունի ազդելու Հայաստանից շատ ավելի հզոր երկրների վրա՝ կասկած չկա»:

«168 ժամ» շաբաթաթերթի մեկնաբանն էլ առանձնացնում է. - «Շատ ավելի կարեւոր է փորձել հասկանալ, թե ինչու ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան նման անարդարացի միտք հայտնեց: Իրականում այդ ամենի պատճառը մեր մեջ պետք է փնտրենք... Մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե կեղծիքի դեմ պայքարը, այլ այնպիսի քաղաքականության իրականացումը, որ միջազգային հանրությանը ձեռնտու չլինի Հայաստանին կեղծ մեղադրանքներ ներկայացնել», - բանաձեւել է մեկնաբանը:

«Առավոտ» թերթն այսօր ամրագրել է, որ Ղարաբաղի ղեկավարության ու Դաշտնակցության միջեւ լարումը պահպանվում է: ՀՅԴ Արցախի կառույցի դեկտեմբերյան հայտարարությունից հետո իշխանության կողմից փորձեր չեն արվել հաղթահարել այդ լարումը: «Միայն փորձել են իրենց արդարացնել եւ հակազդել մեր հայտարարությանը», - թղթակցին ասել է Դաշնակցության ներկայացուցիչներից մեկը: Ինչ վերաբերում է անհամաձայնություններին, կրկին արձանագրվում է, որ դրանք վերաբերում են «կադրային ու կառուցվածքային քաղաքականությանը, նաեւ ստվերային տնտեսության կամ գյուղատնտեսությանն առնչվող վարկային ծրագրերի շուրջ մոտեցումներին»:

«Հայկական ժամանակ»-ի եւ «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցներում Հայաստանի հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը հաստատում է, որ վճռական են իրենց կոշտ դիրքորոշումներում. - «Ոչ մեկը չմտածի, որ ինչ-որ մեկի հովանավորությամբ դուրս է մնալու: Չի լինելու: Ես գնալու եմ մինչեւ վերջ» («Հայոց աշխարհ»): «Հարկային գերատեսչության ղեկավարի այսպիսի հայտարարությունները արդեն իսկ պետք է երաշխավորեին, որ ստվերային տնտեսությունը գրեթե վերանար: Բայց ոչ մի կերպ չի վերանում: Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը», - թերահավատ հարցականով է եզրափակել «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG