Մատչելիության հղումներ

Ստամբուլում բացվել է Անատոլիայում հայերի կյանքին նվիրված «Իմ թանկագին եղբայրը» ցուցահանդեսը


Հունվարի 8-ից Ստամբուլում գործում է Անատոլիայում 20-րդ դարասկզբին հայերի կյանքին նվիրված «Իմ թանկագին եղբայր» ցուցահանդեսը: Անցած 12 օրվա ընթացքում ցուցահանդես են այցելել շուրջ 6000 մարդ, ինչը յուրահատուկ ռեկորդ է տեղի պատկերասրահների համար:

Շուրջ 500 լուսանկարների եւ բացիկների, այլ ցուցանմուշների միջոցով ցուցահանդեսը ջանում է ցույց տալ՝ քաղաք առ քաղաք, թե ինչպես է ամենահաս հայ համայնքը ապրել Օսմանյան կայսրությունում եւ ինչ դեր է խաղացել հասարակության կյանքում:

«Թուրքիայում ուսուցանվում էր միայն մեկ ժողովրդի՝ թուրքերի պատմությունը, կարծես այլ ժողովուրդներ այս տարածքում չեն էլ բնակվել:
Երբ մենք խոսում ենք հայերի մասին, մենք նրանց դիտում ենք ոչ որպես հասարակության մաս, այլ՝ խնդիրների պատճառ», -«Ֆրանսպրես» գործակալությանը ասել է ցուցահանդեսի տնօրեն Օսման Կոկերը:

Պատմական այս բացերը լրացնելու համար Կոկերը, որ կրթությամբ պատմաբան է, որոշել էր նաեւ գիրք հրատարակել:

«Առանց այս քայլերի, 1915 թվականին տեղի ունեցածի մասին խոսելը անհնար կլինի» - ասել է Կոկերը՝ հավելելով, թե գիտակցում է, որ մարդկանց մտածողությունը փոխելը ժամանակ է պահանջում:

«Մինչեւ հիմա հասարակության ստվար զանգվածը, հատկապես՝ գյուղական շրջաններում, «հայ» բառը ընկալում է որպես վիրավորանք», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG